Հայաստանի ՆԳ նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա կինը` Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը:

Նա նշեց, որ կոռեկտ չէ նման հարց տալ եւ չցանկացավ այլ մանրամասներ հաղորդել: Ռուզաննա Տոնոյանը չցանկացավ մեկնաբանել նաեւ ամուսնու` Վանո Սիրադեղյանի անձի  շուրջ վերջին շրջանում առաջացած հետաքրքրությունը, կազմակերպված ստորագրահավաքը նրան Հայաստան վերադարձնելու համար, ինչպես նաեւ, թե երբ է վերջին անգամ խոսել նրա հետ:

Նշենք, որ վերջերս մեծ հետաքրքրություն է առաջացել Վանո Սիրադեղյանի անձի նկատմամբ: Տեւական ժամանակ է` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստորագրահավաք է կազմակերպվել, ովքեր  պահանջում են  Վանո Սիրադեղյանի վերադարձը Հայաստան: Դրանից հետո նրա  թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը լրագրողների հետ հանդիպմանն  պատմել էր, թե ինչպես է Վանո Սիրադեղյանը հեռացել Հայաստանից:

Լուրեր էին շրջանառվում, թե Վանո Սիրադեղյանի քրեական գործը կորել է, ինչը դատական դեպարտամենտից հերքեցին: Իսկ Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, թե եթե Վանո Սիրադեղյանը գա Հայաստան, անմիջապես կձերբակալվի, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: 

Իսկ այսօր արդեն «Հրապարակին» հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ,  հայտնել է, թե ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով,  գաղտնի է պահվում: