Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների մոսկովյան հանդիպումները ոչ միայն չհանգեցրին որեւէ առաջադիմության Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, այլեւ ցուցադրեցին կողմերի լուրջ հակասությունները այս հարցում։ Հատկանշական էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամենալավատես համանախագահի ՝ Մեթյու Բրայզայի արտահայտությունները, որը չէր թաքցնում իր հիասթափությունը։ Եվ չնայած նրան, որ պաշտոնական բանակցությունները կոնֆիդենցիալ բնույթ են կրում, այդ գործընթացի շուրջ տարածվող ծավալուն տեղեկատվությունից կարելի է ինչ-որ պատկերացում կազմել կատարվածի մասին ։
Մի բան հստակ է՝ Ադրբեջանը, որն իր իսկ կարծիքով, վարպետորեն համատեղում է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման մասին դատարկ խոսքերը եւ ռազմատենչ հայտարարությունները, հստակ «հասավ իր ուզածին»։ Եվ չնայած նրան, որ որեւէ հստակ պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, Հայաստանի կողմից մի շարք հարցերում սկզբունքների խստացումը ակնհայտ է ։ Մասնավորապես՝ մինչ մոսկովյան բանակցությունները Ստեփանակերտ մեկնած հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, վերջապես հիշեց, որ պետք է հիշատակվի ոչ միայն ադրբեջանական, այլեւ հայկական փախստականների (որոնց քանակը գերազանցում է 400 հազարը) վերադարձի հարցը։ Արտգործնախարարը լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծեց, որ ներկայիս բանակցային գործընթացում խոսք չի գնում ադրբեջանական փախստականների Լեռնային Ղարաբաղի տարածք վերադարձի մասին, իսկ այդպիսի հեռանկարը իրական կդառնա միայն հակամարտության լուծումից հետո։ Իրականում հայկական կողմը երկար տարիների ընթացքում առաջին անգամ բացահայտորեն հիշեցնում է Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի եւ այլ քաղաքների ու գյուղերի բնիկ հայկական բնակչության մասին, որոնք զանգվածային ջարդերի ու սպանությունների արդյունքում լքել են իրենց տները։ Չնայած համապատասխան տեղեկատվական արտահոսք դեռ չի եղել, սակայն մի շարք հարցերի շուրջ առաջացած նոր հակասությունների առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքերից ելնելով՝ կարելի է մոտավորպես եզրակացնել, որ խոսքը գնում է հենց հայկական կողմից բարձրացված հայկական փախստականների վերադարձի մասին եւ մինչեւ հիմնախնդրի կարգավորումը ԼՂՀ տարածք ադրբեջանցիների վերադարձի անհնարինության մասին։
Ներկա պահին մեզ մնում է արձանագրել, որ նախկինում միջնորդների կողմից հնչեցված հայտարարությունները՝ 2009 թվականի առաջին կեսի ավարտին բանակցություններում լուրջ առաջընթացի ձեռքբերման հնարավորության մասին, ժամանակավրեպ էին։ Հիմա խոսվում է Ադրբեջանի եւ Հայասանի նախագահների հոկտեմբերյան նոր հանդիպման մասին, իսկ հիմնարար խնդիրների շրջանակային համաձայնագրի ստորագրման ամսաթիվը դեկտեմբերն է։ Եթե, այսօր ավարտված մոսկովյան բանակցությունների առնչությամբ, մոտ օրերս, չբացահայտվեն որեւէ նոր եւ հետաքրքիր մանրամասներ, ապա առայժմ կարելի է խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնության հեռանկարի շուրջ իրար հանդեպ կողմերի նոր հակասությունների առաջացման մասին, ինչը պայմանավորված է՝ մի կողմից պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական քաղաքականությամբ, մյուս կողմից հայկական կողմի դիրքորոշման հստակեցումով։




























