Թուրքիայում սկանդալային «Էրգենեկոնի» գործով հերթական դատալսման ընդմիջման ժամանակ ամբաստանյալ, Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքը իր շնորհակալությունն է հայտնել դատական նիստերին մշտապես ներկա գտնվող ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորներին եւ իր ողջույններն է հղել հիշյալ կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալին, ով առիթի դեպքում հերոսացնում է «Էրգենեկոնի» գործով ձերբակալվածներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Samanyolu կայքէջը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ, մասնավորապես Հայոց ցեղասպանության մերժման ակտիվ քաղաքականությամբ։ Նա Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով դատապարտվել է շվեյցարական դատարանի կողմից։ Ներկայումս նա ձերբակալված է «Էրգենեկոնի» գործով։ Թուրք լրագրողները պարզել են նաեւ, որ Դողու Փերինչեքի արմատները հայկական են, չնայած, որ նա ամենակատաղի ձեւով է պայքարում հայերի դեմ։

Ի դեպ Էրգենեկոնը ենթադրյալ ահաբեկչական կազմակերպություն է, որը նախատեսել էր կատարել մի շարք սպանություններ, երկրում ստեղծել քաոսային իրավիճակ եւ, օգտվելով առիթից, իրականացնել հեղաշրջում։ Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ խմբավորման անդամները ցանկացել են սպանել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդին, ալեւիների առաջնորդին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։