ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, մեր պետության համար 2009 թվականը լի եղել փորձություններով և դժվարություններով։ Համաշխարհային ճգնաժամի պայմաններում միասին հաղթահարել ենք տնտեսական, ֆինանսական և սոցիալական լրջագույն մարտահրավերներ։ 2009 թվականին մենք ավելացրել ենք կենսաթոշակները 16 տոկոսով, աշխատավարձերը' 11 տոկոսով: Աղետի գոտում մենք իրականացրել ենք մեծածավալ շինարարական աշխատանքներ, և դրանք շարունակվելու են 2010-2011 թվականներին։ Կառուցել ենք 415 կիլոմետր ճանապարհ։ Ոռոգման համակարգում անց ենք կացրել 300 կիլոմետր ջրագիծ։ 2010-ին' կառուցելու ենք ևս 500 կիլոմետր։ Ավարտին է մոտենում Երևանի նոր ջերմաէլեկտրակայանի շինարարությունը։
Տեսանելի փուլ է մտնում ատոմային էլեկտրակայանի նոր բլոկի կառուցման աշխատանքները։ Մեզ հաջողվել է մի շարք ոլորտներում ներմուծումը փոխարինել հայրենական արտադրությամբ։ Ակնառու հաջողություններ են գրանցվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակության ոլորտներում։
Մենք պետք է չմոռանանք, որ դեռ շատ անելիքներ ունենք եւ կառավարությունը 2010 թվական է մտնում ֆինանսական, տնտեսական ու կուտակած փորձի մեծ պաշարով։ Համոզված եմ. միասին ի զորու ենք դիմագրավել ցանկացած մարտահրավերի:
Մենք մուտք ենք գործում նոր տարի և իմ մաղթանքն է, որ մեզ ուղեկցի խաղաղությունը, մեր երկրում տիրեն արդարությունն ու փոխադարձ վստահության մթնոլոտը, որ մեր օջախներում իշխեն համերաշխությունն ու սերը։ Աստված մեզ բոլորիս պահապան։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:




























