Հայաստան եկող սիրիահայերի համար պետք է ստեղծվեն հնարավորություններ եւ Հայաստանի պետության, եւ հանրության կողմից:Այս մասին այսօր` օգոստոսի 6-ի հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` խոսելով Սիրիայի շուրջ զարգացումներից:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Հայաստան եկած սիրիահայերը դժգոհում են, որ աշխատատեղ չկա, վերջինս նշեց, որ նախարությունում գործարարներին ասել են, որ 500 աշխատատեղ կա: Ինչ վերաբերում է սիրիահայերի համար նախատեսված դպրոցներին, Կիրո Մանոյանը նշեց, թե մշտական եւ ժամանակավոր հիմունքներով Հայաստանում գտնվող աշակերտների համար արեւելահայերենով, արեւմտահայրենով դասավանդվելու աշխատանքներ են տարվում, եւ մասնագետները վերապատրաստվում են: Համալսարաններում եւս այդ առումով աշխատանքներ են տարվում:
Կիրո Մանոյանը նշեց, թե ըստ Սփյուռքի նախարարության 60 ընտանիք է դիմել իրենց եւ նրանց խնդրանքները բավարարվել են: «Թող տպավորություն չստեղծվի, որ բոլոր սիրիահայերը ուզում են գալ Հայաստան եւ մենք ոչինչ չենք անում »,- ասաց Մանոյանը` հավելելով, որ կան նաեւ ընտանիքներ որոնք իրենց միջոցներով են փորձում այստեղ հաստատվել:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























