Դեկտեմբերի լույս 31-ի գիշերը անհայտ անձինք Մարտունու գերեզմանոցից կտրել եւ կինոյի տան դիմացն են տեղափոխել Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի եղբոր՝ գնդապետ Հարություն Հարությունյանի կիսանդրին: Գնդապետը բավական հայտնի եւ ճանաչված անձնավորություն էր, իսկ եղբայրը Մարտունու քաղաքապետն է: Ինչպես Մարտունուց հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, դեպքից մեկ-երկու օր առաջ պատերին թռուցիկներ էին փակցվել հետեւյալ բովանդակությամբ՝ «Եթե չքանդես քաղաքապետարանի մոտ՝ Շահումյան փողոցի ապօրինի շինությունը, կհայտնվես եղբորդ վիճակում»:
Այդ եռահարկ ապօրինի շինության շինարարության դեմ ժամանակին լուրջ բողոքներ էին ստացվել, անգամ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էր այցելել Մարտունի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, եւ մարտունեցիներին խոստացել էր, որ շենքը չի կառուցվի, սակայն նրա հեռանալուց հետո շինությունն ավելի լայն թափով են կառուցել:
Ի դեպ, քաղաքում լուրեր են շրջանառվում, թե սրբապղծության պատճառը բոլորովին էլ շինությունը չէ, այլ քաղաքապետին նախազգուշացում են արել:
Մեր թղթակիցը նշեց նաեւ, որ միջադեպը բացահայտելու համար անգամ Երեւանից են մասնագետներ ուղարկվել Մարտունի՝ սրբապիղծներին գտնելու եւ պատժելու համար: Խոսում են նաեւ, որ բացահայտման հարցում լուրջ շահագրգռություն ունեն նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որոնք ժամանակին մտերիմ են եղել Հարություն Հարությունյանի հետ:




























