Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ Տրանսկովկասյան մայրուղով (Տրանսկամ) հաղորդակցությունը վերականգնվել է: Ճանապարհային բանվորներին հաջողվել է մեկ գիշերվա ընթացքում մաքրել ձյան բազմատոննայանոց շերտերը, որոնք մայրուղու վրա էին թափվել վերջին երեք օրվա ընթացքում: Ներկայումս ձնահոսքը դադարել է լեռներում, եւ եղանակի տեսությունը բարենպաստ է: Նշենք, որ Հարավային Օսիայով ավելի հեռուն գնալ հնարավոր չէ, քանի որ Վրաստանի կողմից այն փակ է: Ռուս սահմանապահների կողմից Տրանսկամի վերահսկվող անցակետը վրացական կողմն ապօրինի է համարում:
Ինչպես հայտնում են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ում, վարորդներին, այդուհանդերձ, պետք է զգույշ լինել, քանի որ ձնահոսքի վտանգը դեռ պահպանվում է: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԱԻՆ բոլոր ծառայություններն աշխատում են առավելագույն պատրաստվածությամբ:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Օսիայի լեռներում շարունակվում է ուժեղ ձյան տեղումները, ինչի պատճառով հաղորդակցությոունը դադարեցվել էր: Տրանսկամում ձյան գերության տակ էին մնացել ռուսաստանյան РТР, НТВ, «Мир», «Звезда», 5-րդ ալիք եւ Russia Today հեռուստաալիքների թղթակիցները, որոնք նյութ էին պատրաստում ձնահոսքերի մասին: Անցած գիշեր բանվորներն ապահովել են լրագրողների անցումը Վլադիկավկազ:




























