Հարցազրույց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Հեռահաղորդակցության ոլորտում վերջին շրջանում ներդրվեց երրորդ սերնդի ցանց` 3G, որը անգամ Ռուսաստանում չկա, խոսք է գնում անգամ 4G-ի մասին եւ որոշ աշխուժություն է նկատվում այս ուղղությամբ, արդյո՞ք կարելի է ասել, որ Հայաստանը հեռահաղորդակցության ոլորտում առաջատարներից մեկն է տարածաշրջանում։

Կարող եմ ասել, որ Հայաստանը ոչ թե առաջատարներից մեկն է տարածաշրջանում, այլ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը շատ փոքր է, վստահ եմ, որ մեկ-երկու տարի հետո լինելու է աշխարհում այս բնագավառի առաջատար երկիր, որովհետեւ այսօր Հայաստանում տեղադրվում են այնպիսի սարքավորումներ, որոնք օրինակ` «Օրանժը», նույնիսկ Ֆրանսիայում չի տեղադրել. իրենք այնտեղ խնդիր ունեն փոխելու, զարգացնելու, որովհետեւ ինչ որ արդեն տեղադրել էին՝ հնանում է, անհրաժեշտ են նոր սարքավորումներ, իսկ մեզ մոտ նրանք միանգամից նորն են տեղադրում, այդ իմաստով մենք իհարկե լինելու ենք առաջատար։

Պրն. Գրիգորյան վերջին շրջանում խոշոր ընկերությունների մրցակցությունն իր հետ բերեց մի շարք ակնհայտ փոփոխություններ` հօգուտ օգտագործողների։ Հատկապես «Օրանժի» մուտքը մեծ ազդեցություն ունեցավ այդ իմաստով, խոսենք «Օրանժի» մուտքի եւ ինտերնետի վրա վերջինիս ազդեցության մասին։

Իհարկե, «Օրանժը» եվրոպայում համարվում է հեռահաղորդակցության, հատկապես` բջջային կապի տարբեր տեսակի նոր ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն. այսինքն` բջջային հեռուստատեսություն եւ այլն, դրանք եվրոպայում սովորական ծառայություններ են, որ նա մատուցում է։ «Օրանժին» ճանաչող ընկերությունները գիտեին այդ ամենը, եւ դա նպաստեց նրան, որ «Օրանժը» դեռ Հայաստան չէր եկել եւ անգամ չէր հասցրել այդ ծառայությունները մաքսիմալ ներդնել Հայաստանում, արդեն մյուս ընկերությունները, հատկապես «Վիվասել-ՄՏՍ-ը»", ինքն այդ նույն ծառայութունները սկսեց մատուցել կամ ինչու չէ նաեւ «Արմենթելը» նույնպես՝ այսօր արդեն իրականացնում է սարքավորումների տեղադրում, որպեսզի կարողանա մրցունակ լինել մյուս ընկերությունների հետ։ Այսինքն` այդ ամենը բավական լուրջ ազդեցություն է ունեցել շուկայում, եւ ընկերությունները, որպեսզի իրենց ծառայություններով ետ չմնան մրցակցի կողմից նախատեսվող առաջարկներից, արագացնում են իրենց նոր ծառայությունների մատուցումը, ինչը, այլ պարագայում, հնարավոր է, որ չանեին առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում։

Այսօր բջջային կապ մատուցող խոշոր ընկերությունները բացի բջջային կապի ծառայություններից, նաեւ բավական մատչելի եւ հարմարավետ (անլար) ինտերնետ են առաջարկում։ Ինչպիսի՞ն է լինելու ինտերնետ պրովայդերների ապագան, արդյո՞ք առաջիկա տարիներին նման ընկերությունների աշխատանքը կարելի է ավարտված համարել։

Օրեցօր ինտերնետ ծառայությունները բջջային կապի մատուցվող ծառայություններին զուգահեռ եւ հավասարապես զարգանում են, արդեն դրանք հնարավոր չէ առանձնացնել։ Իսկապես, այսօր այն փոքր ընկերությունները, որոնք առաջ զբաղվում էին ինտերնետ ծառայություններ մատուցելով, արդեն իսկ լուրջ խնդիրներ ունեն. նրանք արդեն մրցունակ չեն շուկայում, նրանց առաջարկներն ու հնարավորությունները, նրանց ներդրումները բավական քիչ են եւ մրցունակ չեն խոշոր ընկերությունների հետ համեմատած, ինչպիսիք են` «Արմենթելը», «Վիվասել-ՄՏՍ-ը», Օրանժը կամ օրինակ` ADC-ին, որն ինտերնետ հատուկ ծառայություններ մատուցելու համար բավական մեծ աշխատանք է իրականացրել. ամբողջ Երեւանում օպտիկական կաբելներ է գցել եւ այլն։ Մրցակցությունը բերում է նրան, որ ընկերություններն արդեն ստիպված են իջեցնել գները։ Փոքր ընկերությունների որոշ ներկայացուցիչներ նույնիսկ մտավախություն են հայտնում. խոշոր ընկերությունները, հատկապես` բջջային օպերատորները, այնպիսի դեմպինգային (էժան) գներ են դնում, որոնք հայաստանյան շուկայում ռեալ չեն, որպեսզի իրենց ծառայություններից օգտվեն` հաշվի առնելով, որ իրենք կարող են այդ ծառայութունների գումարը փակել ուրիշ ծառայություններով։ Անկեղծ ասած, ես այդ մրցակցությունը նորմալ եմ համարում, ամբողջ աշխարհում է այդպես, շուկան ինքն է կարգավորում ամեն ինչ եւ, դժբախտաբար, այն ընկերությունները, որոնք ի վիճակի չեն լինում մրցակցությանը դիմանալ, փակվում են։

Ես չեմ թաքցնում նաեւ այն, որ այդ նույն ընկերությունները, չեմ ցանկանում անուններ նշել, տարիներ առաջ ոչ թե շահույթ էին ստանում, այլ գերշահույթ էին ստանում` ոչինչ չանելով։ Օրինակ, վերցնում էին մի 5 գիգաբայթանոց կապուղի, սակայն պայմանագիր էին կնքում մի «հազար» ընկերությունների հետ, որոնց տալիս էին 20 գիգաբայթ ծավալ, բայց իրենք ընդամենը ունեին 5 գիգաբայթ։ Ու սկսում էին խարդախություններ անել, մեկին տալիս էին, մյուսին` անջատում, այսպես հովհարային անջատումներով մեծ գումարներ էին ստանում։ Այդ ժամանակներն արդեն անցել են, հիմա ամեն հաճախորդ ուզում է 24 ժամ նորմալ ինտերնետ ունենալ, եւ գնում է այն պրովայդերի մոտ, որը նրան տալիս է այդ հնարավորությունը։

Իհարկե որոշ ընկերություններ շուկայում դեռ մնում են եւ դեռ կմնան, ինչպիսիք են` Արմինկոն, Վեբը, որոնք ինչ-որ տեղ ունեն իրենց շուկան եւ հնարավորությունները, բայց պետք է մեծ ներդրումներ անեն, որպեսզի մրցունակ լինեն։

Պրն. Գրիգորյան, խոսենք ինտերնետի գներից, այսօր Հայաստանում գործող ինտերնետի գները ինչպիսին են. թա՞նկ են արդյոք, թե՞ էժան։ Եթե համեմատելու լինեք մեր գները եւ որակը միմյանց հետ, ինչպիսի՞ն է այսօր դրանց հարաբերակցությունը։

Գների առումով փոփոխություններն ակնհայտ են, սակայն ասել, որ Հայաստանում գները ամենալավն են կամ լավագույնը, սխալ է, ամեն դեպքում Հայաստանում գների դինամիկ փոփոխությունները վերջին մեկ-երկու տարվա ընթացքում շատ արագ է տեղի ունեցել` փոփոխություններ դեպի ավելի էժան եւ համեմատաբար որակյալ ինտերնետ։ Բնական է, մենք 100%-ով գոհ լինել չենք կարող, միայն այն դեպքում, երբ գները կհավասարվեն զարգացած երկրների գներին, մենք կարող ենք ասել, որ գոհ ենք։ Մյուս կողմից, պետք է օբյեկտիվ լինել. Հայաստան ինտերնետ բերելը կախված է մի շարք սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներից, եւ մենք չենք կարող համեմատվել եվրոպական զարգացած երկրների հնարավորությունների հետ, այստեղ կապուղիներ բերելը եւ կապուղիների տրանզիտային գումարը վճարելը բավական թանկ արժե, բացի այդ, այնտեղ ինտերնետը բավական մատչելի է, քանի որ օգտագործողների քանակն էլ է մեծ, հետեւաբար այն ավելի էժան է, սակայն ցանկանում եմ կրկին նշել, որ այժմ Հայաստանում դրական դինամիկան բավական խոստումնալից է, զարգացումը բերելու է նրան, որ գները բավական կիջնեն եւ ծառայությունները կլինեն մատչելի բոլորի համար։ Ինչ վերաբերում է որակին, այսօր որակ չտալ ընկերություններն արդեն չեն կարող, քանի որ պարզապես հաճախորդ չեն ունենա. հաճախորդը այսօր արդեն որակ է պահանջում։ Այսօր մարդիկ ուզում են օրինակ` YouTube-ով կինո նայել կամ Skype-ով խոսել, արդեն ինտերնետը միայն էլ. փոստի համար նրանց չի բավարարում։ Այսօր արդեն 10 հազարով կարելի է ստանալ այն բոլոր հիմնական ծառայությունները, որոնք ուրիշ երկրները ստանում են, եւ միգուցե այնտեղ որակը ավելի բարձր է, քան մեզ մոտ, սակայն հաշվի առնելով այն դրական դինամիկան, որ այսօր նկատելի է, կարծում եմ, մեկ տարի անց փոփոխություններն ավելի մեծ կլինեն։

Այս հարցում, ո՞րն է պետության, կառավարության կամ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի դերը։

Պետության դերն այն է, որ քաղաքական խնդիրները լուծի, որպեսզի հնարավոր լինի տնտեսական խնդիրները լուծել։ Հատկապես, եթե որոշ քաղաքական հարցեր լուծվեն, օրինակ` Հայաստան- Թուրքիա հարաբերությունների առումով, դրանից հետո, միանշանակ, փոփոխությունները շատ մեծ կլինեն։ Որովհետեւ այսօր արդեն «Արմենթելը» բանակցություններ է վարում Թուրքիայից ուղիղ, Վրաստանը շրջանցելով, օպտիկական կաբել Հայաստան բերելու ուղղությամբ, եթե այդ խնդիրը լուծվի, ինտերնետը երկու անգամ էլ ավելի կիջնի, այսինքն` այսօրվա համեմատ բավական էժան եւ որակյալ կլինի։ Այսօր այդ հարցով շահագրգռված են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսին են` «Վիվասել-ՄՏՍ-ը», «Արմենթել-Բիլայնը» եւ «Օրանժը», որոնք ուրիշ երկրներում հզոր ինտերնետ ունեն եւ հնարավորություն ունեն այն բերելու Հայաստան, բայց Հայաստան հասցնելու խնդիրը պետք է ինչ-որ ձեւով լուծվի. արդյունքում մենք շատ արագ կլինենք եվրոպական մակարդակի ինտերնետ ունեցող երկիր։

Մեր խորհրդի խնդիրը այն է, որ հավասար մրցակցային դաշտ ապահովենք, այսինքն` ուշադիր լինենք, որ որեւէ մեկը մյուսի շահերը չփորձի ոտնահարել, դա կլինի պետությունը, այսինքն` կառավարությունը, թե ինչ-որ մի մասնավոր ընկերություն։

Մեկ ուրիշ կարեւոր հարցի մասին էլ կուզենայի խոսել. համակցման խնդիրը։ Այսինքն` որպեսզի ներսում մեծ արագություն ապահովվի, որպեսզի Հայաստանի քաղաքացին Երեւանի ցանկացած կետում, եթե ունի ինտերնետ, կարողանա հայկական հեռուստաալիք նայել, հայկական սայթերը շատ արագ բացվեն` ապահովելով շատ մեծ արագություն եւ այլն։ Այդ ամենը դրսից չի կախված, դա պարզապես ներսի ցանցի թողունակությունից է. մենք ներսում այսպես ասած նորմալ ցանց չունենք։ Այսօր պետությունը փորձում է այդ գործում իր ներդրումներն անել, Էմոնոմիկայի նախարարության կողմից ստեղծված հայեցակարգով նախատեսվում է ներքին ցանց, ներքին կապուղիներ ստեղծել։ Այսօր Հայաստանում ինֆորմացիայի մեծ մասը դուրս է գալիս նոր ետ է գալիս, օրինակ` «Վիվասելի» միջոցով տեղեկություն ստանալու համար, դու պետք է ազդանշան ուղարկես օրինակ` ԱՄՆ կամ Եվրոպա, այնտեղից ետ գա Վիվասել, ընդորում` կարելի էր այդ հարցը ուղղիղ լուծել, ընդամենը «Վիվասելից» միանալ «Օրանժ» եւ հակառակը։ Այսօր Հայաստանում ինֆորմացիայի 90%-ը դուրս է գալիս, նոր է մտնում Հայաստան, այսինքն` մենք ուղղիղ կապ չունենք։ Դա ներքին ցանցի բացակայությունից` համակցման ոչ որակյալ պայմանների առկայությունից է։ Կարծում եմ, բոլոր ընկերությունները պետք է իրար հետ համակցման մուտքեր եւ ելքեր ունենան, արդյունքում` կարելի է Հայաստանում ապահովել ինտերնետի մեծ արագություն, բացի այդ, ներքին ցանցի ստեղծումը կբերի նաեւ սարքավորումների արդյունավետ օգտագործման եւ ծախսերի կրճատման։

Հետաքրքիր է նաեւ, թե ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ՝ առաջիկա տարիների համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Հայաստանի բջջային կապի երեք օպերատորներն էլ աշխարհում շատ հայտնի եւ խոշոր ընկերություններ են, որոնք բջջային կապ, ինտերնետ, մի խոսքով` հեռահաղորդակցության ծառայութուններ են մատուցում, անկասկած մենք զարգացած ենք լինելու։

Այդ զարգացմանը կարող է խթանել մեկ այլ կարեւոր հանգամանք. հայերեն կոնտենտի ձեւավորումը, անհրաժեշտ է խթանել հայերեն կոնտենտի զարգացումը, որպեսզի այդ նորարարությունները մատչելի լինեն յուրաքանչյուր հայի։

Զրույցը վարեց Լուսինե Մովսիսյանը