Զինված հանցագործները գնդակահարել են հավատացյալների բազմությանը, որ վերադառնում էր տոնական պատարագից՝ եգիպտական Նագ-Համադի քաղաքի ղպտիական եկեղեցուց: Ճանապարհին բազմության վրա անկանոն կրակ են բացել անցնող ավտոմեքենայից: Արդյունքում զոհվել են նվազագույնը յոթ հոգի, կան նաեւ վիրավորներ: Ոստիկանությունը փնտրում է երեք տղամարդկանց, որոնք մասնակցել են զանգվածային սպանությանը, հայտնում է Associated Press-ը:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարի խոսքով, սպանության դրդապատճառը կարող է լինել 2009թ. նոյեմբերին Նագ-Համադիում 12-ամյա մահմեդական աղջնակին բռնաբարելու փաստը: Ոստիկանության տվյալներով, այն ժամանակ հանցագործը քրիստոնյա էր: Ականատեսները ճանաչել են իսլամիստ-վրիժառուներից մեկին:
Աղբյուրի պնդմամբ, բոլոր զոհվածները տղամարդիկ են, այդ թվում նաեւ եկեղեցու պահակը: Ի դեպ, եկեղեցու սպասավորը լքել էր Սենտ-Ջոն եկեղեցին միայն վայրկյաններ առաջ եւ հրաշքով փրկվել է: Եպիսկոպոսի կարծիքով, Եգիպտոսում քրիստոնյաների դեմ իսկական կրոնական պատերազմ է բռնկվել:
Եգիպտոսում գերակշռողը իսլամն է: Ղպտիները բնակչության ընդամենը 10 տոկոսն են: Տարբեր գնահատականներով, Եգիպտոսում բնակվում են 6-8 միլիոն քրիստոնյաներ:




























