Ինչի՞ են ձգտում հասնել տակավին վերջերս իշխանության շուրջ համախմբված, իսկ այսօր արդեն իրենց սուր քաղաքական քննադատությամբ այն ոչնչացնող ընկեր դաշնակները։ Ինչպես օրերս խոստովանեց Կիրո Մանոյանը՝ ՀՅ դաշնակցության քաղաքականապես առավել թրծված անդամներից մեկը, իր կուսակցությունը հանգիստ է վերաբերվել քիվեսթյան փուլում բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղի դուրս մղմանը, քանի որ բանակցությունների տրամաբանությունը ենթադրում էր նրա միացումը Հայաստանին։ Այսինքն, ՀՅԴ Բյուրոյի հարգարժան ընկերները չգիտես ինչու որոշել են, որ Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ ԼՂՀ-ի Հայաստանին միանալու հարցը չի կարելի քննարկել։ Թե ազնիվ չէ այդպես՝ երկուսը մեկի դեմ։

Սակայն դրա վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Կարծիք կա, որ նրանք աջակցել են բանակցային Երեւան-Բաքու (առանց Ստեփանակերտի) երկկողմ ձեւաչափին այն պարզ պատճառով, որ բանակցությունները վարում էր Ռոբերտ Քոչարյանը, որի երկրորդ ժամկետով կառավարումը ապահովվեց հենց իշխանության կոալիցիային ՀՅԴ-ի միանալու շնորհիվ։ Քոչարյանի հեռանալը եւ երկրի ղեկավարի բարձրագույն պաշտոնը Սարգսյանին անցնելը անմիջապես չարտացոլվեց ընկեր դաշնակների դիրքորոշումների վրա. նրանք շարունակում էին մնալ կոալիցիայում՝ հանգիստ հետեւելով Բաքվի հետ բանակցությունների այն ուղղությամբ ու ձեւաչափով շարունակմանը, որի հիմքը դրել էր Քոչարյանը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, ներքաղաքական նոր վերաբաշխումը չէր խոստանում հատուկ շահաբաժիններ։ Դաշնակցությունը որոշեց վերադարձնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պլատֆորմի կարգավիճակը, եւ միաժամանակ էլ նոր իշխանություններին վերագրել նախկին իշխանությունների՝ այսինքն իրենց, բոլոր սխալներն ու բացթողումները։

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի վրա հարձակումը՝ առաջին, բավական խիզախ քայլն էր։ Ազդանշանն այսպիսին է. արտաքին քաղաքականությունը նախագահի առանձնաշնորհն է, սակայն մենք հարձակվենք նախարարի վրա, իսկ դուք մտածեք։Սերժ Սարգսյանի հետ «շախմատի» պարտիան սկսվել է Դաշնակցություն-Քոչարյան-Օսկանյան դաշինքի կողմից Ստեփանակերտից՝ հայկական ներքին քաղաքականության օրրանից, ինչպես դա թվում է նախկին նախագահին։

Հարթել նոր ուղի դեպի Երեւան՝ հին, համարյա դավաճանած գործընկերների օգնությամբ, դժվար կլինի։ Առավել եւս, որ նրանք հասցրել են հետք թողնել եւ նոր իշխանության օրոք։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա նրան հարկ էր ներկայացնել իր դիրքորոշումը հայկական ներքաղաքական գզվռտոցից դուրս՝ չբարդացնելով առանց այն էլ բարդ խաղը։ Իսկ ՀՅԴ-ն արդեն վայելում է հրաշագործ կերպարանափոխության պտուղները. Զրկված լինելով իշխանության աջակցությունից, նա Երեւանի ավագանու ընտրություններում ստացավ այն արդյունքը, որը պետք է եւ ստանար։ Զիջելով պոպուլիզմի եւ գաղափարազրկության կենտրոնացում հանդիսացող «Օրինաց երկիր» կուսակցությանը, ՀՅԴ-ն ապացուցեց, որ այսուհետ ոչ թե ինքը կարող է դառնալ որեւէ իշխանության պլատֆորմ, այլ հենց ինքն ունի հենարանի կարիք։


Արմեն Գեւորգյան