Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 18-ին ընդունել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակից սփյուռքահայ կինոգործիչներին, ժյուրիի անդամներին, կինոարտադրողներին, կինոբեմադրիչներին ու դերասաններին: Նա հյուրերին ներկայացրել է նախարարության ծրագրերը, Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հ. Հակոբյանը հատկապես ընդգծել է սփյուռքի նախարարության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխություններ առաջարկող նախագծերը, որոնք մասնավորապես առնչվում են երկքաղաքացիության, ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների մուտքի վիզայի հարցերին: Նախարարը նշել է այն երեք կարևորագույն ծրագրերը, որոնք դրված են ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության հիմքում` հայապահպանություն, ներուժի հայտնաբերում եւ հայրենադարձություն:
Մեջբերելով ՀՀ նախագահի` «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» խոսքերը, նախարար Հրանուշ Հակոբյանը ևս մեկ անգամ ընդգծել է այն կարևորագույն գործոնները, որոնք հիմքն են հզոր Հայրենիքի` Հայաստանի անկախության պահպանում, Արցախի հիմնախնդրի լուծում, ցեղասպանության ճանաչում, հայ մարդու կրթական մակարդակի բարձրացում, հավատ:
Բարձր գնահատելով «Ոսկե Ծիրանի» դերը մեր մշակութային կյանքում, նախարար Հրանուշ Հակոբյանը հույս է հայտնել, որ ապագայում ևս, այն իր ուրույն տեղը կունենա ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի հայ կինոգործիչների կյանքում: «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն իր և փառատոնի մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել Հ. Հակոբյանին Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման գործում կատարած հայրենանվեր գործունեության և «Ոսկե Ծիրան» փառատոնին աջակցելու պատրաստակամության համար և նվիրել նրան աշխարհում ապրող հայերին խորհրդանշող մագաղաթե կտավը` հեղինակված տաղանդավոր արվեստագետ Արա Սարգսյանի կողմից:



















