Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության 7-րդ հերթական համագումարի առնչությամբ, որը հունվարի 9-ին անցկացնելու է Լյուդմիլա Սարգսյանի գլխավորած թեւը, հայտարարությամբ հանդես է եկել ՍԴՀԿ մյուս թեւը, որի ատենապետ է ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «ՍԴՀԿ արտահերթ 7-րդ համագումարն արդեն իսկ կայացել է դեկտեմբերի 16-ին` ՍԴՀԿ գործող մասնաճյուղերի և 6-րդ Համագումարում ընտրված Կենտրոնական վարչության անդամների բացարձակ մեծամասնության պահանջով:
Ինչ վերաբերում է հունվարի 9-ին նախատեսված վտարվածների ռեստորանային հավաքին, ապա ՍԴՀԿ-ն որևէ կապ չունի այդ միջոցառման հետ և հայտարարում է այն հակականոնադրական և հակաօրինական: Հնչակյան կուսակցությունը նաև հայտարարում է, որ սկսվել է դատական գործընթաց, որի նպատակն է օրինական կերպով վերականգնել կուսակցության իրավունքները ՍԴՀԿ կնիքի և փաստաթղթեր վրա»:
NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՍԴՀԿ համագումարն անց է կացվելու «Մուսա լեռ» հյուրանոցային համալիրում, քանի որ, ըստ ՍԴՀԿ մամլո հաղորդագրության, «Կոնգրես», «Անի Պլազա», «Երեւան» հյուրանոցները մերժել են իրենց տարածքում ՍԴՀԿ համագումարն անցկացնելու դիմումները: Կուսակցությունը դիմել է նաեւ Կառավարության նիստերի դահլիճը վարձակալելու խնդրանքով, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել:




























