Թեկնածու Նիկոլ Փաշինյանի իրավունքները խախտվել են ի սկզբանե, քանի որ նա պետք է ազատ արձակվեր հենց ընտրատարածքային հանձնաժողովի կողմից գրանցվելուց հետո: Այս մասին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանի հիմնավորումը, թե Փաշինյանին ձերբակալելու համար ԿԸՀ-ի համաձայնությունն անհրաժեշտ չէր, քանի որ նա ձերբակալվել էր մինչեւ պատգամավորության թեկնածու դառնալը, անհիմն է: «Պաշտոնյան, այդ թվում նաեւ ԿԸՀ-ի նախագահը, իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքով, ոչ թե մեկնաբանել դրանք: Օրենքը նախատեսում է, որ պատգամավորության թեկնածուն կարող է կալանքի տակ գտնվել միայն ԿԸՀ համաձայնությամբ»,- ասել է Լ. Տեր-Պետրոսյանը:

Նա Հայաստանի իշխանություններին համարեց հիմար ու անհեռատես, քանի որ նրանք նույնիսկ իրենց սեփական վարկանիշը պահելու համար ի վիճակի չեղան գիտակցել, որ անհրաժեշտ է նախընտրական շրջանում բաց թողնել Նիկոլ Փաշինյանին: «Նրանք նույն կերպ մեր բերանն էլ կփակեին, բայց իշխանությունները առավելապես ցանկանում են ցավ պատճառել իրենց ընդդիմախոսներին»,- նշել է ՀԱԿ-ի առաջնորդը:

Անդրադառնալով նախընտրական հանրահավաքի մթնոլորտին, նա արձանագրեց ներկաների տոնական տրամադրությունը: «Չնայած Նիկոլը եւ եւս 14 մեր ընկերներ դեռեւս գտնվում են բանտերում, մենք բարձր տրամադրություն ունենք: Եւ ես ցանկանում եմ, որ մեր պայքարը չունենա նյարդային բնույթ՝ չնայած նրա շարունակականությանը: Որքան երկար պայքարենք, այնքան թանկ է լինելու մեր հաղթանակը»,- ընդգծեց Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին կայանալիք ընտրությունները ընդգրկում են Երեւանի կենտրոնը: Բացի «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանից, թեկնածու են գրանցվել նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը եւ գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը:

Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտից շուրջ 16 ամիս գտնվել է ընդհատակում, որից հետո ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանին դիմադրելու մեջ: Մեղադրող կողմը Փաշինյանի համար պահանջել է 8 տարի: Դատավճիռը կհրապարակվի հունվարի 19-ին: