Թուրքական Բուրսա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Բրազիլիայի հավաքականի նկատմամբ:

Մեր ընտրանին հաղթեց 2,5:1,5 հաշվով: Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի խաղաց Ռաֆայել Լեյտաոյի հետ, Գաբրիել Սարգսյանը Ալեքսանդր Ֆիերի, իսկ Արման Փաշիկյանը՝ Ժիլբերտո Միլոշի հետ: Հաղթական միավորը Հայաստանի հավաքականի համար ապահովեց մեր ընտրանու առաջատար Լեւոն Արոնյանը՝ հաղթանակ տանելով Ջովանի Վեսկովիի նկատմամբ: Մյուս խաղերում Ռուսաստանը 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարավ Ադրբեջանի նկատմամբ, Իսրայելը նույն հաշվով Հունաստանի: Միացյալ Նահանգները 3:1 հաշվով ջախջախեցին Եգիպտոսի թիմին, իսկ Հնդկաստանը նույն հաշվով՝ Թուրքիայի ընտրանուն:

4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը պահպանում է առաջատարի դիրքերը՝ 10-ական միավորով ԱՄՆ-ի հետ կիսելով 1-2-րդ հորիզոնականները: Հունվարի 9-ին կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի թիմը հանդիպելու է Հնդկաստանի հավաքականի հետ: