Մոսկվայի հարավ-արեւելքում շաբաթ՝ հունվարի 9-ի գիշերը սպանվել է Հայաստանի մի քաղաքացի: 39-ամյա Վարդան Գրիգորյանի դիակը հայտնաբերվել է ժամը 00.50-ին՝ «Դեու Էսպերո» մեքենայի սրահում, Շկուլեւի փողոցի թիվ 2 տան մոտ:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահներին, տղամարդու մահը վրա է հասել բազմաթիվ ջարդվածքներից, նաեւ երկու հրազենային վնասվածքներից:

Հետագա օպերատիվ-որոնողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ տղամարդն իր բնակարանում վեճի է բռնվել իր ծանոթների հետ: Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել, որում տուժել է նաեւ նրա կինը: Սպանվածի կնոջ խոսքով, ծեծկռտուքը շարունակվել է շենքի մուտքում:

Ամենայն հավանականությամբ, տղամարդը դաժանաբար ծեծվել է, ապա գնդակահարվել մեքենայի սրահում: «Գազետա.ru»-ի տվյալներով, սպանությունը պատվիրված է եղել, հանցագործը երկու անգամ կրակել է ատրճանակից, եւ ստուգողական կրակոց արձակել գլխին: Ներկայումս իրավապահները ճշտում են միջադեպի մանրամասները: Քննությունն այդ գործով փնտրում է երկու տղամարդու: