Իրանի փոխնախագահ Իսֆանդիյար Ռահիմ Մաշային, ով իր պարտականությունների կատարմանն է անցել մի քանի օր առաջ, հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե ինքն իբր հրաժարական է տվել: Այս մասին այսօր հաղորդել է «Ֆրանս պրես»-ը: «Մի շարք ինտերնետ կայքեր տեղեկատվություն են հրապարակել երկրի փոխնախագահի պաշտոնից Մաշայիի հրաժարականի մասին: Դա համաձայնեցված գործողություն է, ուղղված նրան, որպեսզի վարկաբեկեն կառավարությանը: Դա սուտ է, ու նման շշուկները տարածվում են կառավարության թշնամիների կողմից»,- ասված է փոխնախագահի կայքէջում տեղադրված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Մաշայիին փոխնախագահ է նշանակել այս տարվա հուլիսի 17-ին: Այդ որոշումը սուր քննադատություն է առաջ բերել աջ ուղղվածության քաղաքական գործիչների շրջանում: 2008 թվականին Մաշային երկրում լուրջ սկանդալ էր առաջացրել, երբ հայտարարել էր, որ Իրանը բարեկամ է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի ժողովուրդների համար: Ինչպես հայտնի է, պաշտոնական Թեհրանը չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը:




























