28-ամյա Նազելի Ալավերդյանը ամուսնացել է 15 տարեկանում` չճաշակելով մանկության անհոգ ու երջանիկ օրերը: Ավելին` ամուսնությունից որոշ ժամանակ անց ամուսինը Նազելիին, ստիպել է գողություն անել: Իսկ երբ Նազելին հրաժարվել է ամուսինը ծեծել է նրան, ձեռքերն ու ոտքերը կապել  զուգագուլպայով եւ փակել գոմում` հաշվի չառնելով նույնիսկ այն հանգամանքը, որ Նազելին իր մեջ կրում էր նրա զավակին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց` ինքը Նազելին (անունը փոխված է-խմբ.):

Նրա խոսքով, ամուսնությունից հետո գտնվել է շատ ծանր սոցիալական վիճակում, ամուսինը չի աշխատել, իրեն էլ թույլ չի տվել աշխատել: Սոցիալական ծանր վիճակից դուրս գալու նպատակով ամուսնությունից ամիսներ անց  ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի գյուղերից մեկը: Այստեղ էլ սկսվել է իր տառապանքների մյուս փուլը: Ամուսինը զբաղվել է խաբեությամբ, գողություններով, եւ այդ ամենի մեջ ներքաշել նաեւ Նազելիին: «Ստիպում էր, որ ես էլ գողություն անեմ: Իսկ երբ հրաժարվում էի` ծեծում էր, ձեռքերս ու ոտքերս կապում  զուգագուլպայով եւ փակում գոմում` հաշվի չառնելով նույնիսկ այն հանգամանքը, որ իր մեջ կրում էի նրա զավակին: Այդ ծանր պայմաններում ունեցանք 4 երեխա»,- վերհիշեց Նազելին եւ ավելացրեց, որ մի օր էլ սկեսուրը հայտնել է, որ կարճ ժամանակով ուզում է վերադառնալ Հայաստան: Այդ ժամանակ Նազելին խնդրել է, որ իրեն էլ տանի Հայաստան ծնողներին տեսնելու համար: Համաձայնել են, սակայն  երեխաներին իրենց հետ չեն վերցրել` պատճառաբանելով, որ մեկ շաբաթից պետք է հետ վերադառնան:

«Հայաստան գալուց հետո պարզվեց, որ  նշանակված ժամկետից մեկ օր առաջ սկեսուրս ամուսնուս հետ առանց ինձ ասելու մեկնել են Ռուսաստան: Այդ ժամանակ ես սպասում էի իմ հինգերորդ երեխային: Ավելին,  ամուսնուս բարեկամների միջոցով պարզեցի, որ նրանք փոխել են իրենց բնակավայրը, որպեսզի չկարողանամ գտնել նրանց եւ մինչ այսօր ոչ մի տեղեկություն չունեմ երեխաներիցս»,- արցունքն աչքերին ասաց Նազելին: Այդ տարիների ընթացքում Նազելին կրկին ամուսնանում է եւ ունենում 2 երեխա: Սակայն այս անգամ եւս բախտը նրան չի ժպտում: Այս ամուսինը կրկին չի աշխատել եւ չի էլ թողել իրեն աշխատել խանդի պատճառով: «Բայց որպեսզի երեխաներս քաղցած չմնային, ապրուստը վաստակում էի ուրիշների տները եւ գրասենյակները մաքրելով: Այդ ամենի պատճառով 2-րդ ամուսինս ավելի ագրեսիվ էր դառնում եւ խանդում էր ամենաչնչին առիթներով: Նույնիսկ իմ կամքին հակառակ ստիպում էր սեռական հարաբերություն ունենալ` այդ կերպ ցանկանալով համոզվել հավատարմությանս մեջ: Նա հաշվի չէր առնում ո՛չ տեղը, ո՛չ ժամանակը, նույնիսկ այն հանգամանքը, որ երեխաները կարող են ականատես լինել այդ ամենին»,- ավելացրեց Նազելին:  Բացի դրանից ամուսինը լավ չի վերաբերել երեխաներին, հատկապես Նազելիի մեծ աղջկան:  Իսկ երբ երեխային հայտնել են, որ Նազելին 2-րդ ամուսինը իր իսկական հայրը չէ, երեխայի եւ խորթ հոր հարաբերությունները ավելի են սրվել: Ամեն չնչին առիթով նա բղավել է աղջկա վրա եւ ճնշվածության մեջ պահել այն աստիճան, որ Նազելին սկսել է անհանգստացնել աղջկա հոգեկան վիճակով:

Չդիմանալով այդ դժոխային կյանքին, ամուսնու ալկոհոլից կախվածությանը, ամենօրյա ծեծ ու ջարդին` Նազելին վերջնականապես որոշել է երեխաների հետ հեռանալ տանից եւ դիմել Կանանց իրավունքների կենտրոն: Այժմ, ճիշտ է, մեծ դժվարությամբ, բայց Նազելին նոր կյանք է սկսել` ապրում է իր երեխաների համար եւ ամեն ինչ անում է նրանց բարօրության համար: Շուտով Կանանց իրավունքների կենտրոնի մասնագետների շնորհիվ  նա դատական կարգով կամուսնալուծվի իր առաջին ամուսնուց,  կվիճարկվի երկու երեխաների հայրության փաստը, եւ նրանց կենսաբանական հայրը` Նազելի 2-րդ ամուսինը, կճանաչի հայրությունը: Իսկ դրանից հետո Նազելին կկարողանա ալիմենտ պահանջել` գոնե չնչին չափով թեթեւացնելու իր ուսերին ընկած առօրյա խնդիրներն ու երեխաների կարիքները: Սակայն հիմա էլ լինում են դեպքեր, երբ իրեն դժբախտ է զգում, երբեմն ցանկանում է կյանքին վերջ տալ, սակայն երեխաների մասին միտքը կրկին ապրելու եւ պայքարելու ուժ է տալիս դժբախտ կնոջը: Նրան փրկում է եւս մեկ միտք` հույսը, որ մեկ օր բոլոր երեխաներին միասին կտեսնի…

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:

Պատրաստեց  Տաթեւ Մեսրոպյանը