Ստեփանակերտի Սպայի տանը ակցիա է անցկացվել «Ողնուղեղի դոնորների հայկական ռեեստրի» տասնամյակի կապակցությամբ։ Դոնորների շրջանակի ընդլայնմանն ուղղված ակցիան կազմակերպվել է ԼՂՀ առողջապահության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության կողմից։ Միջոցառումն սկսելուց առաջ «Ողնուղեղի դոնորների հայկական ռեեստրի» ֆոնդի նախագահ Ֆրիդա Ջորդանը եւ տնօրեն Սեւակ Ավագյանը այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր։ «Այստեղ տղաներն ազատության ու անկախության համար արյուն են թափել։ Իսկ այսօր մենք արյուն կտանք եւ կյանքեր կփրկենք»,- ասել է Սեւակ Ավագյանը։
Ակցիայի ընթացքում, որ տեւել է 6 ժամ, արյուն են հանձնել ինչպես պետական գործիչներ, այնպես էլ 18-ից 50 տարեկան հարյուրավոր քաղաքացիներ։
ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը ողջունել է ակցիան՝ նշելով, որ «մեզանից յուրաքանչյուրը, տալով անգամ 3 միլիլիտր արյուն, կարող է փրկել գոնե մեկ մարդու կյանք»։
Ֆոնդի ղեկավարությունը որոշել է աշխատանքներն սկսել Ղարաբաղից եւ դրանք ամբողջ տարին շարունակել Հայաստանում եւ Սփյուռքում։
Նմանատիպ ակցիա Ստեփանակերտում տեղի է ունեցել նաեւ 2002թ.-ին, որին մասնակցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը։ Այն ժամանակ ռեեստրում 805 դոնոր էր գրանցվել։
«Ողնուղեղի դոնորների հայկական ռեեստրը» անդամ է ողնուղեղի դոնորների միջազգային ռեեստրի, համագործակցում է տարբեր ֆոնդերի հետ եւ օգնում ոչ միայն հայազգի հիվանդներին։




























