Օգոստոսի 27-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ս. Շահումյանի անվան թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում են արեւելահայերենի արագացված դասընթացներ սիրիահայերի համար:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դասերն ընթանում են 3 խմբով, երկուշաբթիից` ուրբաթ, ժամը 9:30-13:00, որին մասնակցում է շուրջ 50 սիրիահայ:
Տիկին Հակոբյանը` Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ուղեկցությամբ, մասնակցեց երեք խմբերի ուսումնական պրոցեսին, զրուցեց արեւելահայերեն սովորող սիրիահայերի հետ: Նախարարի այն հարցին, թե ինչն է խթանել արեւելահայերենը սովորելու ցանկությանը, դասընթացի մասնակից Նվարդ Պողիկյանը (Հալեպ) պատասխանեց. «Կրթության նկատմամբ հատուկ սերը եւ Հայրենիքում հիմնավորվելու մեծ ցանկությունս»:
Զրույցների ընթացքում պարզվեց, որ մեծամասամբ յուրացվել են արեւելահայերեն քերականության օրենքները, արեւելահայերեն եւ արեւմտահայերեն լեզուների քերականական ակնհայտ տարբերությունները: Ներկայումս սիրիահայերի կողմից առավելապես բարձրաձայնվում են բանավոր խոսքում բաղաձայն հնչյունների արտաբերման տարբերությունները, որոնք էլ կհաղթահարվեն ժամանակի եւ շփումների ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին ուսումնական գործընթացը արագ եւ արդյունավետ կազմակերպելու, նաեւ հայաստանյան կյանքին ինտեգրվելու գործում աջակցության համար` սիրիահայ Անդրանիկ Վարդանյանը հուզումով կատարեց Ա. Սաթյանի «Մարտիկի երգը» եւ հավելեց. «Մենք այն թռչուններն ենք, որոնց արմատն ամուր է եւ ի վերջո վերադարձանք մեր բույնը»:
Ցածր տարիքային խմբի դասարանում ՀՀ սփյուռքի նախարարը անհատապես ծանոթացավ աշակերտներից յուրաքանչյուրին:
Ավագների խմբում խնդիրներն առավել առարկայական էին. սիրիահայերը մեկ անգամ եւս բարձրացրին անձնագրերի, մուտքի արտոնագրերի ժամկետների, կրթության պայմանների եւ աշխատավայրերի վերաբերյալ հարցադրումներ: Նախարար Հակոբյանը պատասխանեց բարձրացված յուրաքանչյուր խնդրի, ուղղորդեց համապատասխան գերատեսչություն` եւս մեկ անգամ ծանուցելով սիրիահայերին պետական մակարդակով տրվող արտոնությունները: Բացի ծրագրային աջակցությունից, որն ամեն օր իրականացնում է գերատեսչությունը, առաջարկեց մի շարք իրավիճակային լուծումներ` կապված փաստաթղթերի տեղափոխման, հանրակրթական դպրոցներում կամ այլընտրանքային` դպրոցներում սիրիական ծրագրով դասարաններում տեղավորվելու հետ:
Մանկավարժ Էմմա Վարդանյանի հավաստիացմամբ երեխաները մեծ ոգեւորությամբ են սովորում մեր ոսկեղենիկ մայրենիի մյուս ճյուղը` արեւելահայերենը: Հյուրերի համար նրանք հոտնկայս կատարեցին «Էրեբունի-Երեւան» երգը:
Տիկին Հակոբյանը տեղեկացրեց նաեւ, որ արդեն շուրջ 15 սիրիահայ մանկավարժներ են հաշվառվել, որոնք ցանկություն են հայտնել ներգրավվել կրթական գործընթացում եւ դասավանդել սիրիական ծրագրով դասարաններում:
Հանդիպման ավարտին նախարարը ոգեւորեց այն երեխաներին, որոնք նպատակադրվել են իրենց կրթությունը շարունակել հայկական դպրոցներում եւ իրենց ապագան պատկերացնում են միմիայն Հայաստանում: Նախարար Հ.Հակոբյանը խոստացավ սիրիահայ աշակերտներին հայկական դպրոցներում հանդիպել ուսումնական տարվա ընթացքում, հետեւողական լինել նրանց ուսումնառությանը:




























