Այսօր` օգոստոսի 27-ին Հայաստանի ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Պետռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանը զեկուցել է, որ ձեռք է բերվել 500 հազար բաժնաչափ կայուն յոդի հերթական պաշարը, որը նախատեսված է ՀԱԷԿ-ի վթարի դեպքում վահանաձեւ գեղձի արգելափակման համար։ Այն նախատեսվում է բաշխել փրկարարների եւ ՀԱԷԿ-ի մինչեւ 10 կմ հեռավորությամբ գտնվող համայնքների միջեւ։

ԱԻ նախարարին նաեւ զեկուցել են, որ փրկարար ծառայության արագ արձագանքման ավտոմեքենաների վրա տեղադրվում են GPS տեսախցիկներ, ինչը կօգնի գրեթե ամբողջությամբ վերահսկել պատահարներին արձագանքման գործընթացը։

«Հիդրոմետ» ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը նախարարին զեկուցել է, որ այս օրերին Արարատյան դաշում, Տավուշի եւ Սյունիքի հովտային շրջաններում պահպանվում է բարձր կարգի հրդեհային վտանգավոր իրավիճակ` կապված ջերմաստիճանի բարձրացման հետ։

Առաջիկա չորեքշաբթի նախարարությունում տեղի կունենա ԱԻՆ գիտխորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանի սեյսմիկ ակտիվության վերաբերյալ հարցեր։ Նիստին հրավիրված են ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության, ԳԱԱ, Հայկական սեյսմոլոգիայի եւ Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի ներկայացուցիչներ։

Անդրադառնալով սեպտեմբերի 4-ին նշվող ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառումներին` Ա. Երիցյանը նշեց, որ տոնի կապակցությամբ տեղի կունենա հանդիսավոր նիստ, իսկ ծառայության մեջ աչքի ընկած աշխատակիցները կարժանան տարբեր պարգեւների։ Տոնական միջոցառումների շարքում են նաեւ ՀՀ ԱԻՆ պոլիկլինիկայի եւ Երեւանի Մյասնիկյան 1 հասցեում կառուցված նոր հրշեջ մասի հանդիսավոր բացման արարողությունները։

Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կազմակերպվել էր շաբաթօրյակ, որի ընթացքում մաքրվել էր ԱԻ նախարարության բարեկարգված տարածքը։