Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին էր մոտեցել 30-ամյա Ժենյա Ե.-ն՝ հայտնելով, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան:
Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել էին բերման ենթարկել 24-ամյա Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի գլխին՝ պատճառել էր վնասվածք եւ դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները հետապնդելով նրան՝ բռնել եւ բերման էին ենթարկել բաժին:
Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Օգոստոսի 25-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 61-ամյա Վիկտորիա Հ.-ն եւ հայտնել, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը` ճանաչել է Ստեփան Բ.-ին, որը հուլիսին իրենց շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, եւ դիմել փախուստի` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:




























