Երեւանի թիվ 10 ընտրատարածում այսօր՝ հունվարի 10-ին ընթացող ընտրություններում արդեն գրանցվել են առաջին միջադեպերը:

ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը NEWS.am-ին հայտնեց, որ թիվ 114 դպրոցում տեղակայված 10/19 տեղամասում բռնություններ են գործադրվել «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Անուշ Մարտիրոսյանի, իրավապաշտպաններ Միքայել Դանիելյանի եւ Արման Վեզիրյանի նկատմամբ, երբ վերջիններս փորձել են արձանագրել կատարվող ապօրինությունը: Բռնարարքները լրագրողների եւ իրավապաշտպանների նկատմամբ տեղի են ուենցել հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանի անմիջական հրահանգով եւ մասնակցությամբ:

«Ես նկարում էի, թե ինչպես է հանձնաժողովի նախագահը համբուրվում ընտրողների հետ եւ ուղեկցում քվեարկության, երբ հարձակվեցին մեզ վրա»,- NEWS.am-ին պատմեց Գագիկ Շամշյանը:

Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում որպես թեկնածու են առաջադրվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը եւ Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանությունից»: