Ընթացիկ տարվա մինչ օգոստոսի 27-ը Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքը, որն սպասարկում է մարզկենտրոնը եւ հարակից 9 գյուղերը, սպասարկել է 12685 կանչ, որը 920 կանչով ավել է նախորդ տարվա նույն ժամանակաատվածից: Կանչերի  մեծ մասը եղել է սրտային ու շնչառական անբավարարության, ինչպես նաեւ հիպերտոնիկ կրիզներին վերաբերող կանչեր:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապբուժօգնության բաժանմունքի ավագ բուժքույր Ռուզաննա Աստոյանը նշեց, որ գյուղական համայնքներում սպասարկվել է 711 կանչ, հիվանդանոց են տեղափոխվել 2723 հիվանդ: Խոսելով կեղծ կանչերից, նշեց, որ չնայած կեղծ կանչերի թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է, սակայն բնակչությունը շարունակում է կանչ գրանցել այն դեպքերում, երբ անհետաձգելի բուժօգնության կարիք չկա ու իրենց պարտավոր են սպասարկել թաղամասային պոլիկլինիկաները: «Մեր օրական կանչերի մոտ 30 տոկոսը սպասարկվում է պոլիկլինիկաների աշխատանքային ժամերին, փաստորեն ստացվում է, որ պոլիկլինիկաների գործն էլ է շատ ժամանակ շտապօգնությունն անում, կամ հարազատները զանգահարում են 103, գնում ենք կանչով, բայց հիվանդը հրաժարվում է»,- ասաց նա, նշելով, որ նման դեպքերում հնարավոր է իրենք շատ ավելի անհետաձգելի դեպքի մեկնեն:

Օգտվելով առիթից, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապբուժօգնության բաժանմունքի ավագ բուժքույր Ռուզաննա Աստոյանը խնդրահարույց համարեց Վանաձորի որոշ թաղամասերի հասցեների եւ լուսավորության բացակայությունը, ինչը ավելի է դժվարացնում իրենց կանչի վայր հասնելը:

Լուսանկարը՝Էդվարդ Արզումանյանի