Օգոստոսի 29-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի հաղթողներին եւ ՀՀ մարզերում ու Արցախում լավագույն արդյունք արձանագրած դպրոցականներին:

Հանդիպման սկզբում «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի կազմակերպման գործընթացը եւ 2012 թ. հաղթողներին:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց մրցույթում հաղթած աշակերտներին: Շնորհավորելով կարեւոր այս նվաճման առիթով` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այս հաղթանակը կխանդավառի նրանց` ավելի լավ սովորելու եւ իրենց խորը գիտելիքներով դառնալու հպարտ ու արժանավոր քաղաքացիները մեր երկրի:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ գիտելիքի կարեւորությանը եւ դրա միջոցով աստվածճանաչողությանը` հորդորելով թափանցել գիտության խորքերը եւ այդպիսով ճանաչել Աստծուն եւ Նրա կամքը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մանուկներին ու պատանիներին մաղթեց, որ Ս. Էջմիածնի օրհնությունն առատորեն հեղվի նրանց կյանքում, որպեսզի կապված մնան հոգեւոր եւ ազգային արժեքներին եւ նոր նվաճումներ ու հաղթանակներ արձանագրեն կյանքում` փառք եւ պատիվ հավելելով հայ ժողովրդի անվանը եւ Հայրենիքի բարի համբավին: Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը հայտնեց մրցույթի կազմակերպիչներին օգտաշատ ծառայության համար: 

Հանդիպմանը ներկա էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը եւ «Այբ» կրթական հիմնադրամի աշխատակիցներ: