Թուրքիայում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության տարիներին իր դիրքերն ամրապնդած «մահմեդական բուրժուազիան» երկրորդ պլան է մղում քեմալական գաղափարները կրող աշխարհիկ էլիտային, այս մասին գրել է Le Figaro թերթը։ Հոդվածի հեղինակ Լոր Մարշանը նշում է, որ Թուրքիայի ղեկավարությունը վերջին տարիներին հաճախ է հիշատակում երկրի կայսերական անցյալի մասին, ինչը հատկապես ակհայտ է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության մեջ։
Հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Թուրքիայում սկսել է ժողովրդականություն վայելել այն ամենը, ինչը կապված է Օսմանյան կայսրության տարիների հետ։ Թուրքերի համար այդ անցյալը աստիճանաբար դառնում է «ոսկի դար»՝ Pax Ottomana, երբ՝ ըստ թուրքերի, Միջերկրական ծովի տարածաշրջանը խաղաղ էր եւ բարգավաճում, եւ իշխում էր կրոնական հանդուրժողականությունը։ Ըստ հոդվածագրի՝ թուրքերի շրջանում նման տրամադրությունների առիթ է հանդիսանում նաեւ Եվրամիության կողմից Թուրքիայի անդամակության մերժումը։




























