Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին արտգոծնախարար Վարդան Օսկանյանը պետք է կանգնեն Ղարաբաղի դատարանի առջեւ մադրիդյան սկզբունքների համար: Սոցիալ–դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե քոչարյանական ռեժիմը Հայաստանը եւ Արցախը կանգնեցրել է կատաստրոֆայի առջեւ։ «Բոլոր դեմագոգներին եւ դավաճանությունը սպասարկող այլ անձանց ասում եմ՝ Մադրիդյան սկզբունքները վատ են։ Դրանք հակահայ են, հակահայաստանյան են եւ հակաարցախյան են։ Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը պետք է պատասխան տան դրանց համար ԼՂՀ դատարանում։ Դրանց գինը փողամոլությունն է եւ իշխանատենչությունը»,- ասել Շիրխանյանը եւ հավելել, որ Ղարաբաղը ոչ թե պետք է դառնա բանակցությունների կողմ, այլեւ ինքը պետք է վարի բանակցությունները: Շիրխանյանը նաեւ նշել է, որ խնդրի կարգավորման 1998թ. ներկայացված տարբերակը շատ ավելի լավն էր, քան ներկայիս առաջարկները: «Հասարակությանը ներկայացվեց լուծման տարբերակ, որը հասարակությունը չընդունեց եւ տեղի ունեցավ նախագահի հրաժարական։ Մոտավորապես նույն առաջարկներն էին, եւ հասարակությունը դա մերժեց։ Հիմա շատ ավելի վատ տարբերակ է»,- նշել է պաշտպանության նախկին փոխնախարարը: