Երեւանի 10-րդ ընտրատարածքի 10/19 տեղամասում, որտեղ կեղծիքների պակաս չէր զգացվում, ժամը 17:30-ին գրանցվեց հերթական խախտումը: Ասյա Հարությունյան անունով ընտրողը, որը բնակվում է Վարդանանց 5ա շենքի 200 բնակարանում, բացահայտեց, որ իր ընտանիքի անդամների տեղը ստորագրած է, այն դեպքում, երբ նրանք չեն եկել ընտրության: Այդ ժամանակ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանը, որպեսզի թույլ չտա լրագրողներին գրանցել նրա տվյալները խլեց անձնագիրը եւ կնոջ վրա գոռալով, նրան հրեց դեպի քվեատուփ: «Քվեարկիր ու հեռացիր այստեղից, ինչ ես աղմուկ բարձրացնում»,- հիստերիկ տոնով բղավում էր նա: Իսկ երբ կինը քվեարկեց, նրան հրելով դուրս հրեց տեղամասից՝ այդ ընթացքում հայհոյելով ու վիրավորելով նաեւ ներկա լրագրողներին, որոնք ցանկանում էին զրուցել կնոջ հետ:
Արդեն դրսում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ասյա Հարությունյանը հայտարարեց, որ նման կեղծիքից հետո, ինքը հաստատ որոշում է կայացրել, որ այլեւս ընտրությունների չի մասնակցելու: Իսկ հորդորին, թե կարող է արձանագրել այդ խախտումը եւ պայքարել իր իրավունքների համար, նա վախեցած արձագանքեց. «Ես գործ չունեմ, ես վախենում եմ եւ ցանկություն չունեմ գործ ունենալ նման մարդկանց հետ: Բայց խոստանում եմ, որ այլեւս ընտրությունների չեմ մասնակցի»:
Նշենք, որ այդ պահին տեղամասում էր գտնվում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանն ու ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը: Վերջինս փորձում էր արձանագրել կատարված խախտումը, սակայն հանձնաժողովի նախագահը գոռգոռում էր ու չէր ցանկանում լսել ոչինչ: Իսկ Բախչագուլյանը, մեր դիտարկմանը, թե պետք է արձանագրություն կազմել, ասաց. «Դիմեք հանձնաժողովի անդամներին, ես ի՞նչ անեմ»:
Հիշեցնենք, որ սա այն տեղամասն է, որտեղից մի քանի հարյուր քվեաթերթիկ էր անհետացել եւ գրանցվել էր աննախադեպ մասնակցություն` մոտ 600 հոգի, այն դեպքում, երբ մյուս տեղամասերում այդ թիվը չէր անցնում 300-ը:




























