Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Հայաստանի խորհրդարանի՝ հունվարի 10-ին կայացած լրացուցիչ ընտրություններում արդեն մշակվել են 32 տեղամասերի տվյալները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց թիվ 10 ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանն այդ 32 տեղամասերի տվյալներով ստացել է 6850 ձայն, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ներկայումս անազատության մեջ գտնվող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ 4646 ձայն, մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ 287 ձայն: Եւս 418 ձայն համարվել է անվավեր:

Սիլվա Մարկոսյանը նշեց, որ առայժմ չեն ստացվել թիվ 15 եւ 19 ընտրատեղամասերի տվյալները: Հիշեցնենք, որ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 114 դպրցում, թիվ 19 տեղամասում ընտրության ժամանակ բռնություններ էին կիրառվել լրագրողների նկատմամբ, իսկ ընտրացուցակը մոտ մեկ ժամով անհետացել էր, եւ այդ պատճառով ընտրությունը ժամանակավորապես դադարեցվել էր:

NEWS.am-ի տվյալներով, այս պահին Նար-Դոսի անվան դպրոցում տեղակայված թիվ 15 ընտրատեղամաս են ժամանել հատուկջոկատայիններ: