Նախիջեւանի ժողովրդավարության ռեսուրսային կենտրոնն ու հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում գնահատական են տվել անցած տարվա դեկտեմբերի 27-ին Նախիջեւանի Ջուլֆայի շրջանի Բանանյար գյուղում կատարվածին:
Նախիջեւանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարծում են, որ իրավիճակի անկայունացման պատճառը ոստիկանության բռնությանն է Աշուրայի կրոնական տոնի մասնակիցների նկատմամբ: «Հենց դա էլ պատճառ դարձավ գյուղի բնակիչ Յունիս Ալիեւի ինքնասպանության համար»,- ասված է հայտարարության մեջ: Գյուղի մոտ հազար բնակիչների բողոքը ոստիկանական բռնությունների նկատմամբ պատճառ է դարձել նոր բռնաճնշումների, գյուղը շրջափակելուն ու փաստացի արտակարգ դրություն մտցնելուն: Ձերբակալությունների հերթական ալիքն է տեղի ունեցել հունվարի 5-ին, երբ տասնյակ մարդկանց տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց: Ձերբակալվածների մի մասի, այդ թվում 70-ամյա Ռզա Նուրիեւի եւ նրա երկու որդիների գտնվելու վայրն անհայտ է: Զանգվածային բռնաճնշումների արդյունքում խաղաղ բնակչությունը շոկ է ապրել, առանձնապես տուժել են երեխաները:
Իշխանություններն արգելել են լրագրողների եւ իրավապաշտպանների մուտքը գյուղ, 36 ժամով անջատվել են կապի բոլոր տեսակները: Նման բան Նախիջեւանում առաջին անգամ չէ, որ լինում է: 2008թ. Սադարակում ձերբակալվել էին մի խումբ երիտասարդներ խուլիգանության մեղադրանքով եւ տեղափոխվել հոգեբուժական հիվանդանոց: Նման ճակատագիր է բաժին հասել նաեւ ձերբակալվածներից մեկի հորը՝ Իսմայիլ Հուսեյնովին: Հոգեբուժարան է տարվել նաեւ տարեց գործարար Մ.Գուրբանովը, որը հրաժարվել է կաշառք վճարել մաքսավորներին:
Այդ եւ բազմաթիվ այլ դեպքերն ապացուցում են Նախիջեւանում մարդկանց ազատությունների եւ իրավունքների սարսափելի վիճակի մասին: Դրա նպատակն է ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն դժգոհություն հայտնել իշխանություններից: Եթե երկրի իշխանությունները վճռական քայլեր չձեռնարկեն, իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները չմիջամտեն, մարդկանց վիճակը Նախիջեւանում ավելի կվատանա:




























