Այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական եւ իրավական առումներով նողկալի է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

« Բարոյական առումով նրանք պարզապես պարտավորված էին խորհրդակցել հայկական կողմի հետ, դեռ չեմ խոսում հայ-հունգարական դարավոր բարեկամության, հայ համայնքի առկայության, ինչպես նաեւ Հունգարիայի պատմության եւ ազատագրական պայքարում հայերի ներդրման մասին:

Իրավական առումով Հունգարիան խախտել է Էքստրադիցիայի մասին եվրոպական կոնվենցիայի տառն ու ոգին՝ քաջ գիտակցելով, որ Սաֆարովն Ադրբեջան ոտք դնելու պահից չէր շարունակելու պատիժը կրել իր երկրում, ինչպես նախատեսված է կոնվենցիայով:

Հունգարիայի քայլի անընդունելության հարցում երկու կարծիք լինել չի կարող»,- նշել է Օսկանյանը եւ հավելել. «Բայց եկեք խոսենք հայկական կողմի թերացումների մասին»:

«Երկու կարծիք լինել չի կարող նաեւ այն հարցում, որ թերացել են, վրիպել են Հայաստանի ԱԳՆ-ն եւ անվտանգության ծառայությունները: Արդեն փաստ է, որ այս ամենի մասին գիտեին բոլորը՝ էքստրադիցիայից երկու շաբաթ առաջ: Եւ Հունգարիայի հայկական համայնքն է զգուշացրել, եւ հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Բայց այս ամենը կարծես մատնվել է անտարբերության: Խնդիրն այն է, որ հակառակը պետք է լիներ՝ մեր պետական գերատեսչությունները պետք է զգուշացնեին համայնքին, ՀԿ-ներին եւ մեզ՝ բոլորիս: Այսօր մենք առավել եւս համոզվում ենք, որ այն աղմուկը, որ բարձրացել է Հայաստանում, Հունգարիայի ներսում, միջազգային հանրությունում, պետք է լիներ դեպքերից առաջ: Ես ուղղակի կասկած չունեմ, որ այդ պարագայում կկասեցվեր Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան:

Ահավասիկ, ցավալին սա է»,- արձանագրել է Օսկանյանը: