ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ մասնակցել է հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ գործարար նախաճաշի։ Այդ մասին NEWS.am—ին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանն ու Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
Քննարկման առանցքում եղել են հյուրանոցային և հյուրընկալության ոլորտի զարգացման հարցերը։
Խոսվել է ոլորտի առկա խնդիրների և դրանց լուծումների, օրենսդրական կարգավորումների, զբոսաշրջային հոսքերի ավելացման, ենթակառուցվածքների զարգացման և համապատասխան կադրերի պատրաստման մասին։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածաշրջանային կապակցվածության ընդլայնմանը և հյուրանոցային ծառայությունների մրցունակության բարձրացման հնարավորություններին։
Հանդիպումը հնարավորություն է տվել ոլորտի ներկայացուցիչներին անմիջականորեն բարձրաձայնել իրենց խնդիրներն ու առաջարկները և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։





























