Սոցիալական ծառայություններ դիմող Երեւանի բնակիչների կողմից ներկայացված որեւէ դիմում անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները: Այդ մասին ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` ոլորտի պատասխանատուներին հանձնարարելով այս հարցում լինել խիստ հետեւողական: Սոցիալական ծառայություններում լիարժեք ու կանոնակարգված աշխատանք ապահովելու նպատակով քաղաքապետը հորդորել է մանրակրկիտ ուսումնասիրել ներկայացված բոլոր դիմումները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, անդրադառնալով բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման աշխատանքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վարչական շրջանների ղեկավարների եւ վարչության համատեղ աշխատանքի արդյունքներից, շեշտելով, որ իրավիճակն այսօր մայրաքաղաքում արմատապես փոխվել է: Քաղաքապետը հանձնարարել է լինել հետեւողական եւ շարունակել այս ուղղությամբ ամենօրյա հսկողությունը:

Մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող ընկերությունները պարտավոր են պահպանել անհրաժեշտ նորմերն ու շինհրապարկներից դուրս եկող բեռնատար մեքենաների պահանջվող մաքրության ապահովումը: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետեւել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված չափորոշիչների պահպանման պարտավորության ապահովմանը:

Սեպտեմբերից դպրոցներում եւ ԲՈՒՀ-երում դասերի վերսկսման հետ կապված  մայրաքաղաքում կանոնակարգված երթեւեկություն ապահովելու նպատակով, հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ եւ կանգառներում բացառել կուտակումները:

«Ինչպես քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ուղեւորափոխադրումների նկատմամբ սահմանեք խիստ վերահսկողություն: Հատուկ ուշադրություն դարձրեք երթուղի դուրս բերվող մեքենաքանակին եւ խստորեն վերահսկեք, որ հատկապես առավոտյան եւ երեկոյան առավել ծանրաբեռնված ժամերին դրանք աշխատեն սահմանված ժամանակացույցի համաձայն, առանց ուշացումների», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետի կողմից խիստ եւ հետեւողական վերահսկողության պահանջ է դրվել նաեւ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման եւ որակի ապահովման ուղղությամբ մշտական հսկողություն սահմանելու նպատակով:

Զեկուցվել է, որ բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին եւ հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում հայտարարությունների եւ բազմաթիվ այլ պաստառների զետեղումը բացառելու նպատակով, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի որոշակի հատվածներում արդեն տեղադրվել է հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների առաջին խմբաքանակը:

Մայրաքաղաքի շինբարեկարգման գծով տարեկան ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ` ընթացքի մեջ է նաեւ մայրաքաղաքի փողոցների մաշված բետոնային եւ բազալտե եզրաքարերը նորերով փոխարինելու գործընթացը:

Անդրադառնալով քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին, զեկուցվել է, որ նախատեսված 1083 շքամուտքերից արդեն վերանորոգվել են 986-ը: Կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով պարբերաբար կատարվում են ստուգայցեր եւ հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:

Խորհրդակցության ընթացքում համապատասխան կառույցներին հանձնարարվել է նաեւ ուժեղացնել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում կրծողների դեմ պայքարը: