Արդյո՞ք Հայաստանն ունի բավարար լծակներ Հունգարիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Օրինակ՝ Թուրքիան հայկական հարցի դեմ պայքարում արդյունավետ օգտագործում է տնտեսական հարաբերությունների սառեցումը՝ որպես շանտաժի միջոց: Ադրբեջանի հիմնական զենքը նման հարցերում նավթի ու գազի մատակարարումներն են: Հայտարարությունները, որ Ադրբեջանը 2-3 մլրդ դոլար է ներդնելու հունգարական պարտատոմսեր գնելու համար, այնքան էլ իրատեսական չեն:
Ադրբեջանը տնտեսապես զարգացած չէ, որ նման շռայլություն թույլ տա իրեն: Ճիշտ է՝ Ադրբեջանն ունի մոտ 22 մլրդ դոլարանոց բյուջե, սակայն այն դեֆիցիտային է, բացի այդ՝ Ադրբեջանի տնտեսական աճը 2012 թ. գրեթե հավասարվել է զրոյի, երկիրն ինքը ներդրումների կարիք ունի: Նման պարագայում 2-3 մլրդ դոլար (կամ եվրո) զոհաբերել մի բանի համար, որը ռազմական ու քաղաքական տեսանկյունից առանձնապես արժեք չունի, այնքան էլ տրամաբանական չէ: Ըստ Ռոյթերսի՝ պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցելու է նաեւ Թուրքիան, պարտատոմսերը տեղաբաշխվելու են թուրքական լիրայով՝ թուրքական բրոքերային կազմակերպության կողմից: Սակայն տեղեկատվության բնույթն այնպիսին է, որ պարտատոմսերի հիմնական գնորդը, այնուամենայնիվ, Ադրբեջանն է (դրանք ստացել են նաեւ «ենիչեր-պարտատոմսեր» անվանումը): Հավանական է՝ հունգարական իշխանությունները կարողացել են հիմարացնել ադրբեջանական իշխանություններին՝ հունգարական պարտատոմսերի համար սահմանելով բարձր տոկոսադրույքներ, ու որպես վերադիր հանձնելով Ռ. Սաֆարովին: Ներկայում Հունգարիայի 10-ամյա պարտատոմսերը շուկայում իրացվում են 8%-ով, ինչը Եվրոպայում ամենաբարձրերից է: Սակայն փորձը ցույց է տալիս, որ պարտատոմսերի ետեւից նման մրցավազքը հունական սցենարի կրկնության ռիսկ է առաջացնում: Հունգարիան ներկայում միջազգային շուկայում կորցրել է վստահությունն իր պարտատոմսերի նկատմամբ՝ տնտեսական անկայունության եւ, ներդրողների կարծիքով, «քաոսային տնտեսական քաղաքականության» պատճառով:
Նշենք, որ հունգարական պարտատոմսերը Ադրբեջանին վաճառելու մասին լուրերը պաշտոնական չեն, դրանք տպագրվում են մամուլում որպես տեղեկատվության արտահոսք, որին շատերը թերահավատորեն են վերաբերում հենց Հունգարիայում: Չի բացառվում, որ հունգարական իշխանություններն օգտագործում են լուրերի այդ արտահոսքը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի վրա ճնշում բանեցնելու համար, քանի որ ԱՄՀ-ից 15 մլրդ եվրո վարկի ստացման բանակցություններն անչափ դժվար են ընթանում: ԱՄՀ-ի տեսակետն այն է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին փողերը պետք են պարզապես 2014 թ. ընտրություններում իշխանությունը պահելու համար: Չի բացառվում, որ Ռ. Սաֆարովին հանձնել են շատ սովորական չափերի կաշառքով, սակայն այս աղմուկն օգտագործում են որպես քողածածկույթ:
Իսկ ի՞նչ լծակներ ունի Հայաստանը
Հայ-հունգարական տնտեսական հարաբերություններն այնքան էլ զարգացած չեն; 2012 թ. առաջին կիսամյակում Հայաստանը Հունգարիայից ներմուծել է 9,8 մլն դոլարի ապրանքներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12,3 մլն դոլարի համեմատ: Արտահանման ծավալները չնչին են: Առեւտրաշրջանառության նման ծավալները լուրջ չեն ոչ Հայաստանի, ոչ էլ առավել եւս Հունգարիայի համար: Նշենք, որ հունգարա-ադրբեջանական առեւտրաշրջանառության ծավալները եւս մեծ չեն, թեեւ վերջին տարիներին անկասելիորեն աճում են, 2011 թ. հասնելով մոտ 80 մլն դոլարի:
Հունգարիայից Հայաստան ներմուծման ամենախոշոր հոդվածը դեղերն են, հիմնականում «Գեդեոն Ռիխտեր» ընկերության արտադրանքը: Այս հոդվածին բաժին է ընկնում Հունգարիայից ներմուծումների մոտ երրորդ մասը: Այսինքն՝ եթե Հայաստանը ցանկանա տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հունգարիայի նկատմամբ, ապա դեղ ներկրող ընկերությունները շուտափույթ «Գեդեոն Ռիխտերի» արտադրանքը պետք է փոխարինեն այլ երկրների արտադրանքով: Առավել հեշտ է թերեւս հրաժարվել հունգարական արտադրության գրասենյակային սարքավորումներից՝ տարեկան 2-3 մլն դոլար էլ այս հոդվածով ենք ներկրումներ իրականացնում:
Իհարկե՝ այս հակաքայլերն այնքան էլ ազդեցիկ չեն՝ մի քանի միլիարդ դոլարանոց գործարքների համատեքստում: Սակայն եթե ադրբեջանական պարտքի մասին լուրերն իսկապես էլ չափազանցություն են, ինչում ես համոզված եմ, ապա կստացվի, որ հունգարական իշխանություններն այս աղմուկից ոչինչ չշահեցին, սակայն ինչ-որ բան կորցրեցին:
Սամվել Ավագյան




























