Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը վաճառքի կհանի իր հաշվեկշռում գտնվող 2 «Պեժո-Փարս» մեքենաներ: Մեքենաները աճուրդով վաճառելու թույլտվության հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում:
Մեքենաները 2007 թ. արտադրության են, ըստ պետական գույքի կառավարման վարչության ներկայացրած տեղեկանքի` ունեն 70% մաշվածություն: Թե ինչպես է 5 տարվա մեքենան ստացել 70% եւ ավելի մաշվածություն` պարզ չէ:
Մեքենաների աճուրդային մեկնարկային գինը բավական ցածր է` 1.5 մլն դրամ եւ 1.3 մլն դրամ: Նշենք, որ 5 տարվա հնության Պեժոների շուկայական գինը 10 հազ. դոլարից պակաս չէ:
Այս երկու մեքենաները նախկինում գտնվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաշվեկշռում: Սակայն անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց դրանք տեղափոխել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության ներքո` չներկայացնելով մեքենաներից հրաժարվելու լուրջ փաստարկներ:




























