24-ամյա Նարինե Գեղամյանը բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ապակյա բաժակով հարվածել է ամուսնու գլխին, ապա դանակով հարվածներ հասցրել: NEWS.am-ին Շենգավիթի 1-ին ատյանի ընդհանուր իրվասության դատարանից տեղեկացրեցին, որ սույն գործը վարույթ է ընդունվել օգոստոսի 30-ին, իսկ հերթական դատական նիստը նշանակվել է 6-ին: Այսպիսով 24-ամյա Նարինե Գեղամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2012թ. ապրիլի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, իրենց` բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու` Սամվել Մարգարյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ապակյա բաժակով հարվածել է նրա գլխին, ապա դանակով երկու անգամ հարվածել է նրա մեջքին ու գոտկային շրջանին, եւ գլխի կտրած վերքի, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած պնեւմոթորաքս առաջացրած թափանցող վերքի, գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերի ձեւով նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 –րդ հոդվածի 1-ին մասով`դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի, օրգանի ֆունկցիայի կորուստ: Արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Իսկ իրեղեն ապացույց են ճանաչվել վերնաշապիկը, դանակը, բաժակը, ժամկետը, արնանման հետքերով խծուծներն ու լաթը:
Հ.Գ. Նշված անձանց անունները փոխված են:




























