Եվրոպական Միությունը եւ մի շարք այլ միջազգային եւ ազգային կազմակերպություններ բազմիցս արտահայտել են իրենց լուրջ անհանգստությունը 2008–ի մարտի 1-ին տեղի ունեցած մահվան դեպքերի հետաքննության արդյունքների բացակայության վերաբերյալ: Այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին հղած նամակում:
«Ցավոք սրտի, մենք ականատեսն ենք այդ ողբերգական իրադարձությունների անարդյունք հետաքննությանը։ Ուստի Հայաստանը վերջնականապես դուրս չի եկել 2008–ի մարտի 1-ի հետընտրական ճգնաժամից:
Եվրոպական Միությունը 2010-ի մարտին հրատարակել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ(OSCE/ODIHR) եռակի մոնիտորինգի հաշվետվությունները 2008թ. մարտի դեպքերի դատավարությունների առնչությամբ, որտեղ նշվել է, որ դրանք ընթացել են մարդու իրավունքների եւ ժողովրդավարական սկզբունքների էական խախտումներով։
2012–ի մայիսի 15-ին Եվրոպական հարեւանության ծրագրի տարեկան հաշվետվության Հայաստանին վերաբերվող գլխում Եվրոպական Միությունը կրկին հրավիրել է Հայաստանին կատարել ընդհանուր հետաքննություն եւ վերջնականապես բացահայտել 2008 թվականի մարտի դեպքերի իրական պատճառները եւ արժանի գնահատական տալ ոստիկանության կողմից ցուցաբերված բռնություններին։ Այս փաստը նաեւ հանդիսանում է Մարդու Իրավունքների վերաբերյալ ԵՄ-Հայաստան երկխոսության մշտական առարկան։
Ես անձամբ կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավարտին հասցնել 10 զոհվածների գործով հետաքննությունը եւ ձեռնարկել համապատասխան քայլեր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի եւ Մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Կարեւոր է, որ հասարակությունը տեղյակ լինի հետաքննության գործընթացից եւ վերջնական արդյունքներից»,- նշել է վան Ռոմպոյը:
Նշենք, որ Լեւոն Զուրաբյանն ավելի վաղ նամակ էր հղել վան Ռոմպոյին եւ հարցրել. « Այնուամենայնիվ, անցել է 4 տարի, սակայն սպանությունների հանգամանքները չեն պարզվել եւ մեղավորները չեն պատժվել։ Հարցն այն է, թե արդյոք Եվրոպական Միությունը հակվա՞ծ է հետեւողական լինել սպանությունները բացահայտելու պահանջների իրականացմանը, որոնք առաջադրվել են վերոնշյալ հայտարարություններում եւ տեղ գտնելո՞ւ են արդյոք հետագա բանաձեւերում»:




























