Բաց քվեարկություն, ուղղորդումներ, ճնշումներ, սպառնալիքներ, հարկադրանք, դիտորդների և լրատվամիջոցների իրավունքների սահմանափակումներ, մարդկանց տեղափոխում ընտրատեղամասեր և այլն։ Ահա խախտումների այն ոչ լրիվ ցանկը, որ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում արձանագրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որն իր դիտորդներով առաքելություն էր իրականացնում ընտրատեղամասերում:

Սաքունցը հայտնեց նաեւ, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջել է անվավեր ճանաչել թիվ 10/12, 10/15, 10/19 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչպես նաև ծառայողական քննություն իրականացնել նշված ընտրական տեղամասերում իրենց ծառայությունը անբարեխիղճ կերպով իրականացրած ոստիկանների նկատմամբ, պատասխանատվության ենթարկել «Ազատ հասարակության ինստիտուտ»-ի դիտորդներ Արմեն Սահակյանին եւ Դավիթ Սիմոնյանին եւ ընտրական խախտումներ իրականացրած այլ անձանց, որոնք անձամբ են համակարգել ընտրակեղծիքները:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին կայացած ընտրություններում հաղթող է ճանաչվել «Ազգային Միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը, որը մոտ 2000 ձայնի տարբերությամբ հաղթանակ էր տարել ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: