«Ա1+» հեռուստաընկերության «ԱյբՖե+» լրատվական-վերլուծական ծրագիրը «Արմնյուզով» հեռարձակելը ռիսկ է ոչ միայն «Ա1+»-ի, այլեւ «Արմնյուզի» համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լրատվամիջոցների հարցերով փորձագետ, Հայաստանում «Ինտերնյուս» ցանցի ներկայացուցիչ Մանանա Ասլամազյանը:

«Դա մեծ ռիսկ է ոչ միայն «Ա1+»-ի համար, որովհետեւ այն երկար տարիներ չի եղել եթերում, այլեւ ռիսկ է ինչ-որ չափով «Արմնյուզի» համար, քանի որ մտավախություն ունեմ, որ քննադատները շատ են լինելու: Կարծում եմ, որ այդ երկու ընկերություններն իրավունք ունեն համատեղ աշխատելու եւ փորձելու միասնական արդյունք տալ եւ արժանի տեղ գտնել դաշտում: Դա շատ բարդ է անել, բայց ես հույս ունեմ, որ բոլոր դեպքերում հնարավոր կլինի տալ նոր արտադրանք եւ զբաղեցնել  արժանի տեղը»,-նշեց նա: Փորձագետի խոսքով` երկու լրատվամիջոցներն էլ մեծ ռիսկ են վերցրել, որովհետեւ տարբեր խմբագրություններ, տարբեր ոճեր, մոտեցումներ են, երկուսն էլ շատ պրոֆեսիոնալ են եւ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կստացվի:

Մանանա Ասլամազյանը շատ ուրախ է, որ երկու մրցակիցներ կարողացան աշխատել միասին եւ  հույս ունի, որ «Ա1+-ը» իր համբավը կկարողանա հաստատել: «Մաղթում եմ իրեն հաջողություն եւ հույս ունեմ, որ հետաքրքիր բան կստացվի»,- նշեց նա:

Նշենք, որ «Ա1+» հեռուստաընկերության «ԱյբՖե+» լրատվական-վերլուծական ծրագիրը 10 տարի անց վերադառնում է հեռուստաեթեր, եւ սեպտեմբերի 10-ից շաբաթական 5 օր  այն կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերով: