Հունգարիայում Ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջնում ցուցաբերված ջերմ ընդունելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների նոր սրացման պատճառ հանդիսացավ, գրում է ֆրանսիական  «Lexpress» ամսագիրը:

Փարիզում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը ամսագրին տված հարցազրույցում մեկնաբանել է 2004թ. Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ Հունգարիայից մարդասպանի արտահանձնումը եւ ազատություն ստանալը.

Ինչպե՞ս է կատարվել հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը:

2004թ. փետրվարի 19-ին հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր ՆԱՏՕ-ի  «Գործընկերություն հանու խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացներին, գիշերը քնած ժամանակ կացնահարվել էր: Ատելությունից կուրացած Սաֆարովը առավոտյան ժամը հինգին կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպային: Սառնարյուն կերպով կատարված այդ հրեշավոր ոճիրը ցնցել էր հունգարական հասարակությանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին եւ այլ երկրների:

Եվրոպական բոլոր ատյանները խորհուրդ տվեցին չտրվել զգացմունքներին եւ վստահել դատարանին, որն արդար եւ խիստ որոշում կկայացնի: Բոլորը փորձում էին Հայաստանի իշխանություններին համոզել, որ խոսքը եզակի դեպքի մասին է, սակայն այսօր Բաքվի գործողությունները ցույց տվեցին, որ խոսքը եզակի դեպքի մասին չէ: Մենք սկզբից էլ զգուշացրել էինք Սաֆարովի արտահանձնման հետ կապված սպառնալիքի մասին, եւ, ցավոք, իրավացի էինք:

Ըստ Ձեզ, ինչպե՞ս պատահեց, որ Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտած Հունգարիան վերջինիս Բաքվին հանձնելու որոշում կայացրեց:

Սաֆարովի մեղքի ապացույցներն այնքան ակնհայտ  էին, որ հունգարական դատարանը նրան ցմահ ազատազրկման դատապարտելու արդար որոշում կայացրեց: Դատի ժամանակ Սաֆարովի փաստաբանների բոլոր փաստարկներն իզուր անցան, քանի որ խոսքը սառնասրտորեն ծրագրված սպանության մասին էր: Դատարանի կայացրած վճռից հետո ես Հունգարիայի այս որոշման  ոչ մի տրամաբանական  բացատրություն չեմ գտնում: Մենք մշտապես աշխատանքային կապի մեջ ենք եղել հունգարական կառավարության հետ, որն իր հերթին մեզ հավաստիացնում էր, որ Սաֆարովը կմնա երկրում: Մենք նաեւ զգուշացրել էինք, որ չի կարելի վստահել Ադրբեջանին, որը մշտապես խոստանում եւ երաշխավորում էր, որ Սաֆարովն Ադրբեջանում կշարունակի կրել պատժաժամկետը: Արդյունքում Հանցագործը ոչ միայն Բաքվում է, այլեւ ազատության մեջ, մայորի կոչում է ստացել եւ աշխատավարձ ութ տարվա  «աշխատանքի»  դիմաց: Այդ ամենն ապացուցում է, որ սպանությունը  կատարվել է ադրբեջանական պետության հովանավորությամբ:

Ինչպիսի՞ն են նման քայլի հետեւանքները միջազգային մակարդակում:

Հունգարական կառավարության որոշումը անընդունելի է: Հունգարիան, լինելով ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի անդամ, գործարքի մեջ է մտել Ադրբեջանի հետ եւ այժմ փորձում է արդարացնել արտահանձնման մասին իր որոշումը: Պաշտոնական բանակցություններն ընթացել են ամիսներ շարունակ, ադրբեջանական կողմն ինքն է խոստովանել այդ փաստը: Այս պահին շատ խոսակցություններ կան Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ գործարքի հավանականության մասին եւ դա ինձ շատ է անհանգստացնում: Հայաստանին չի զարմացնում Բաքվի վերաբերմունքը, բայց Հունգարիայի որոշումը դժգոհություն է հարուցել: Պաշտոնական հետաքննությունը կպարզեր իրավիճակը, բայց կարծում եմ, որ արդյունքները մեծ աղմուկ կառաջացնեին:

Ո՞ր դեպքում պետք է զգուշանալ պատերազմից:

Բաքվի վերաբերմունքի պայմաններում մենք երբեք ոչնչում չենք կարող վստահ լինել: Մենք ատում ենք պատերազմը, բայց այն մեզ չի վախեցնում: Տվյալ պահին մենք ականատեսն ենք միջազգային հանրությանը նետված Բաքվի մարտահրավերին: Մեր հարցը շատ պարզ է` նավթային փողերը մարդկային բարոյականությունից եւ եվրոպական մշակույթը կազմող հիմնարար արժեքներից վե՞ր են: Մենք մեր գործընկերներից եւ միջազգային հանրությունից հստակ պատասխան ենք ակնկալում: