Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը դրական է գնահատում փաստը, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը ի գիտություն է ընդունել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կուսակցության նամակը: Այդ մասին ՍԴ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, կուսակցության նամակը տարածվել է ՍԴ բոլոր դատավորներին: «Ես հուսով եմ, որ մեր դիտողությունները կընդունվեն, եւ ՍԴ-ն կընդունի մեր ժողովրդի շահերից բխող որոշում»,- հայտարարել է Ռուստամյանը:

Իր հերթին՝ Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն սատարում է արձանագրությունները եւ կարծում, որ դրանցում նախապայմաններ չկան: «Եթե Թուրքիան ցանկանա խոսել Հայաստանի հետ նախապայմանների լեզվով, համարժեք պատասխան կստանա: Հայաստանն ավելի շատ իրավունքներ ունի խոսել նախապայմաններով, քանի որ Թուրքիան շրջափակել է մեր սահմանները, Ցեղասպանություն է իրականացրել, բայց մենք գնացել ենք փոխզիջման եւ որոշել ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ Ցեղասպանության ժխտումը հավասարազոր է նոր Ցեղասպանության»,- ասել է Շարմազանովը:

Խոսելով ՍԴ որոշման մասին՝ քննարկել արձանագրությունները գրավոր ընթացակարգով, պատգամավորը նկատել է, որ այդ որոշումը բխում է օրենքից, եւ չի ցանկացել քաղաքական գնահատական տալ: Միեւնույն ժամանակ Շարմազանովը դժվարացել է ասել, թե ինչպիսին կլինի ՍԴ վճիռը:

Նշենք նաեւ, որ Հայաստանի օրենսդրությամբ, ՍԴ-ն կարող է որոշում կայացնել երեք ամսվա ընթացքում: Այս պահին ՍԴ դիմաց բողոքի գործողություն է ընթանում, որտեղ արձանագրությունների հակառակորդները վանկարկում են «Ոչ թուրքական արձանագրություններին», «Մենք զիջումների չենք գնա»: