Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանին եւ պետի տեղակալ Արսեն Պետրոսյանին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Պետրոսյանը, համաձայնության գալով տեսչության պետ Տ.Գրիգորյանի հետ, իրենց լիազորությունների շրջանակում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ գործողություններ կատարելու համար նշված ընկերության խորհրդի նախագահի օգնականից պահանջել ու 2009թ. դեկտեմբերի 28-ին ստացել են 5 մլն դրամ կաշառք: Նշված գումարը պահանջվել էր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում՝ Նահատակ գետի վրա գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար:
Տ.Գրիգորյանի եւ Ա.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, նախաքննությունը շարունակվում է:




























