Եվրամիությունն իր առջեւ խնդիր է դրել չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը Ռուսաստանի հետ: Այդ մասին հունվարի 12-ին հայտարարել է հունվարի 1-ից ԵՄ-ում նախագահող Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Միգել Մորատինոսը՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո կայացած ասուլիսում:
«Մենք ցանկանում ենք սկսել այդ գործընթացը եւ, նվազագույնը, մեր նախագահության օրոք ստեղծել այդ քարտեզը՝ կողմնորոշելով դեպի ապագա, երբ չեղյալ ենք հայտարարելու վիզաները»,- ասել է նա:
Մորատինոսի խոսքով, Ռուսաստան-ԵՄ հերթական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 30-ին՝ Ռուսաստանում:
«Մենք աշխատելու են այն պարտավորությունների վրա, որ վերցրել է իր վրա Իսպանիան՝ որպես ԵՄ նախագահող, այն է՝ կազմակերպել մայիսի 30-ի գագաթնաժողովը, որ կանցկացվի այստեղ՝ Ռուսաստանում, եւ սկսել աշխատանքը տարբեր խմբերում, ինչը կբերի նրան, որ գագաթնաժողովը կոնկրետ արդյունք կունենա»,- ըստ «Վեստիի»՝ ասել է Մորատինոսը:




























