Աշխարհում գնալով ավելի բարձրաձայն են սկսում խոսել «խոզի գրիպի» շուրջ մանիպուլյացիաների մասին, այսինքն մոլորակի բնակչության համար այդ վարակի սպառնալիքի մասին լուրերը բավականին չափազանցվել էին եւ հիմա ամերիկյան ու եվրոպական կառավարությունները հրաժարվում են այդ հիվանդության դեմ պատվաստանյութի իրենց պատվերներից:
Այս համատեքստում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) իր ձմեռային նստաշրջանում, որը կայանալու է հունվարի 25-29-ին, քննարկելու է դեղագործական ընկերությունների գործունեությունը հետաքննելու առաջարկությունը, որոնք կասկածվում են այդ հիվանդության շուրջ մանիպուլյացիաների շնորհիվ սեփական շահութն ավելացնելու մեջ:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել հայտնի համաճարակաբան Վոլֆգանգ Վոդարգը, ով ԵԽ-ում գլխավորում է առողջապահության ենթահանձնաժողովը: Նրա խոսքով, հակագրիպային դեղամիջոցներ եւ պատվաստանյութեր պատրաստողները ճնշում են գործադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության վրա եւ ստիպել են հայտարարել «խոզի գրիպի» համաճարակի մասին: Այդ պատմությունը դոկտոր Վոգարդը անվանել է «դարի բժշկական ամենախոշոր սկանդալներից մեկը»:
Վախի ծիլերը, նրա խոսքով, ցանվել են հինգ տարի առաջ, երբ բոլորը վախենում էին «թռչնի գրիպի» հետագա մուտացիայից, որը կարող էր վարակել մարդկանց: Խուճապի մթնոլորտը ստիպել էր տարբեր երկրների կառավարություններին՝ հակագրիպային «Տամիֆլյու» դեղամիջոցի մեծ պաշարներ կուտակել եւ այսպես կոչված «քնած» պայմանագրեր կնքել դեղագործական ընկերությունների հետ` տասնյակ միլիոնավոր չափաբաժիններով պատվաստանյութ արտադրելու շուրջ:


























