Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն արդեն խորհրդարանի լրացուցիչ ընտրություններից հետո հայտնաբերել է, որ իր թեկնածուն մասնակցել է ապօրինի ընտրությունների: Հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընտրությունների ժամկետը նշանակվել է օրենքի խախտմամբ, հակառակ դեպքում ընտրությունները պետք է նշանակվեին ոչ թե հունվարի 10-ին, այլ 2009թ. դեկտեմբերի 20-ին:

Դա, նրա խոսքով, դառնալու է հիմնական փաստարկ Սահմանադրական դատարանում, որտեղ ընդդիմությունը մտադիր է հայց ներկայացնել՝ ընտրությունների արդյունքը չեղյալ հայտարարելու պահանջով: Սակայն, ինչպես նշել է Զուրաբյանը, ՀԱԿ-ը չի սահմանափակվելու դրանով եւ դիմելու է ինչպես Եվրադատարան, այնպես էլ Եվրոպայի Խորհուրդ: «Դա աննախադեպ խախտում է»,- ասել է Զուրաբյանը՝ հաղորդելով, որ ներկա պահին ՀԱԿ-ը բողոքարկում է ընտրությունները երկու տեղամասերում:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ի ընտրություններին ՀԱԿ թեկնածու, անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պարտվել է «Ազգային Միաբանության» թեկնածու Արա Սիմոնյանին: Թիվ 10 ընտրատարածքում ընտրություններն անցել են խախտումներով, արձանագրվել են լրագրողների եւ ընդդիմության կողմնակիցների նկատմամբ բռնությունների դեպքեր: