Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունվարի 13-14-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՌԴ արտգործնախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Այցի շրջանակներում երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կանցկացնեն բանակցություններ, որոնց ավարտից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ` քաղաքական, ռազմական, առեւտրատնտեսական, մարդասիրական ոլորտներում Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: