Հունվարի 11-ին, ժամը 4-ի սահմաններում կրակոցներ են հնչել «Ջիանի» ռեստորանում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 5.30-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 1964 թ. ծնված Գրիգոր Ս.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող «Ջիանի» ռեստորանային համալիրում մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ` կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել Գրիգոր Ս.-ի հետ, ծեծի ենթարկել նրան եւ անկանոն կրակ արձակել հաստատության ներսում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ եւ 1 գնդակ:
Նույն օրը, ժամը 06.00-ին, բաժին են ներկայացել 1982 թ. ծնված Հայկ Մ.-ն, 1982 թ. ծնված Ռոման Մ.-ն եւ 1984 թ. ծնված Սարո Թ.-ն` հայտնելով, որ «Ջիանի»-ում իրենք են ծեծի ենթարկել Գրիգոր Ս.-ին:
Հայկ Մ.-ն բաժնում ներկայացրել է «ATMACA 2008 LIGHT 57383» տիպի գազային ատրճանակ, 9 մմ տ/չ 3 փամփուշտ եւ 1 պահունակ ու հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է գործածել ատրճանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:




























