Ականավոր երաժիշտ Գեորգի Գարանյանի մահվան կապակցությամբ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ցավակցական հեռագիր են հղել Գարանյանների ընտանիքին:
Հայաստանի նախագահի հեռագրում մասնավորապես ասված է. «Խորապես վշտացած ենք Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երաժիշտ, ջազմեն, կոմպոզիտոր եւ դիրիժոր Գեորգի Արամի Գարանյանի անժամանակ մահվան լուրով: Կյանքից հեռացել է ականավոր սաքսոֆոնահարը եւ իմպրովիզատորը, ում ստեղծագործությունը իր պատվավոր տեղն է զբաղեցնում համաշխարհային էստրադային-ջազային արվեստի գանձարանում:
Մեր մեծ հայրենակիցը միշտ հաճույքով է հանդես եկել հայ բեմում: Անմոռանալի է նրա վերջին համերգը Երեւանում` „Հայկական ջազ-70“ փառատոնի շրջանակում:
Հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը „կենդանի ձայնի“ մեծ վարպետի մտերիմներին եւ հարազատներին, նրա տաղանդի բոլոր երկրպագուներին: Գեորգի Գարանյանի մասին հիշողությունները միշտ վառ կմնան մեր սրտերում»:
Հիշեցնենք, որ Գեորգի Գարանյանը մահացել էր նախօրեին՝ Կրասնոդարում, ուր իր նվագախմբի հետ մեկնել էր հյուրախաղերի։ Գարանյանը կոմպոզիտոր եւ դիրիժոր էր, նա նաեւ նվագում էր ալտ-սաքսոֆոն։ Հայտնի ջազմենը «Культура» հեռուստաընկերության եթերով վարում էր «Ջեմ 5» հաղորդումը։ Նա ասում էր, որ ջազը իր կյանքի 90 տոկոսն է կազմում։ Գեորգի Գարանյանը մի քանի անսամբլների, այդ թվում՝ «Մեղեդիի» եւ «Կրասնոդարի Բիգ-Բենդի» ղեկավարն էր։ Նա հեղինակել է խորհրդային 40-ից ավելի ֆիլմերի երաժշտություններ, որոնց թվում է «Պոկրովյան դարպասներ» ֆիլմը։




























