Սյունիքի մարզի Մունցք գյուղում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններում կինը պարտվել է ամուսնուն: NEWS.am-ը ԿԸՀ-ից տեղեկանում է, որ 16 տարվա գյուղապետ Դրաստամատ Նավասարդյանի օգտին քվեարկել են 122 համագյուղացիներ, իսկ նրա կնոջ` Հայկանդուխտ Կիրակոսյանի օգտին 36-ը: NEWS.am-ը զրուցեց Հայկանդուխտ Կիրակոսյանի հետ հասկանալու համար, թե արդյոք այս ընտրապայքարը եւ իր պարտությունը իրենց ընտանիքում բաժանության պատճառ դարձել է, թե ոչ: Զրույցն անմիջական եւ հումորով ստացվեց:

Տիկին Կիրակոսյան, ի՞նչը խանգարեց Ձեզ դառնալ գյուղի առաջին տիկին, ոչ թե գյուղապետի կնոջ, այլ գյուղապետի կարգավիճակով:

Չգիտեմ: Երեւի, միշտ է այդպես, որ ի օգուտ գործող նախագահի են քվեարկում: Փաստորեն ժողովուրդը ինձ չընտրեց` նախընտրությունը տալով գյուղապետին:Պարտությունս ընդունեցի առանց որեւէ անախորժությունների:

Ձեր ամուսնուն շնորհավորեցի՞ք գյուղապետ վերընտրվելու կապակցությամբ:

Այո շնորհավորեցի եւ նույնիսկ ձեռքը սեղմեցի:

Ի՞նչու միայն ձեռքն ենք սեղմել: Չե՞ք համբուրել:

/Ծիծաղում է/: Այո սովորականի նման ընտրությունից հետո միայն ձեռքն եմ սեղմել: Նա օրինական ճանապարհով հաղթեց, քանի որ ժողովրդի մեծամասնությունը իր կողմն էր:

Ինչ է Դուք այդ գյուղի համար վատ հարս էիք եղե՞լ, որ Ձեր օգտին ընդամենը 36 համագյուղացի քվեարկեց:

Չէ  հարցը վատ հարս լինելու մեջ չէ: Իմ աշակերտների ծնողները ինձ ասում էին, որ ես ավելի լավ է, որպես մանկավարժ մնամ, քան համայնքի ղեկավար:

Դուք խոստանում եք, որ Ձեր աշակերտներին չեք պատժի նրանց ծնողների անկեղծության համար:

Վայ, ես շատ շնորհակալ եմ, որ իմ աշակերտների ծնողները ինձ գնահատում են: Դրանից ես ավելի ոգեւորված եմ:

Ճշտեցի՞ք, թե Ձեր 2 տղաները ու՞մ օգտին քվեարկեցին:

Տղաներիցս մեկը ոստիկան է եւ, քանի որ ծառայության մեջ էր, չկարողացավ քվեարկությանը մասնակցել, իսկ մեծ որդիս ոչինչ չասաց:

Ինչպես հասկացա ընտանիքում բաժանության հարց չի դրվե՞լ:

Չէ մենք շարունակում ենք հաշտ համերաշխ, երջանիկ ապրել, քանի որ աշխատանքային գործընթացները մեր ընտանիքի խաղաղության վրա չեն անդրադառնում:

Իսկ հաջորդ ընտրությանը կառաջադրվե՞ք:

Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, դեռ 4 տարի կա: