Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Երեւանի հեծանվահրապարակ, ծանոթացել մարզակառույցի պայմաններին ու գործունեությանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հեծանվահրապարկի տնօրենը քաղաքապետին է ներկայացրել վարժական մարզման համար նախատեսված համապատասխան մարզագույքով կահավորված սենյակներն ու վազքուղին: Կարեւորելով մարզադպրոցի դերը մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացման հարցում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել արդյունավետ կազմակերպել ուսումնամարզական գործընթացն ու կառույցի կառավարման հարցում լինել առավել ակտիվ:
Ի մասնավորի քաղաքապետը առաջարկել է հեծանվասպորտի զարգացմանը զուգընթաց, մարզակառույցի ընձեռած հնարավորությունների տնօրինման հարցում լինել առավել նախաձեռնող ու այն դիտարկել նաեւ որպես մայրաքաղաքի մարզամշակութային յուրօրինակ կենտրոն` խթանելով ինչպես այլ սպորտաձեւերի մրցումների, այնպես էլ մշակութային միջոցառումների անցկացումը: Միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող հեծանվահրապարակն ունի բոլոր նախադրյալները բազմաբնույթ միջոցառումների անցկացման համար, այդ թվում նաեւ 3200 հադիսատեսի համար նախատեսված նստարաններ:
Ի դեպ հեծանվահրապարակի այցելուների անվտանգ անցուդարձն ապահովելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրերով մարզակառույցի հարակից հատվածում արդեն շահագործման է հանձնվել նոր վերգետնյա հենտիոտն անցումը:





























