Դրամային փոխանցումների մասին, որոնք ստանում են մեր քաղաքացիները, շատ է խոսվել: Սակայն ստվերում է մնում  փողերի արտահոսքը նույն առեւտրային բանկերի միջոցով: Այդպիսի բանկային փոխանցումների մեծ մասը ծառայում է  ոչ առեւտրային նպատակների: Համենայն դեպս այդպես է նշվում պաշտոնական հաշվետվություններում:

Այսպես, ընթացիկ տարվա հունվար-հուլիսին  երկրից դուրս եկած տրանսֆերտների ծավալը կազմել է 154,8 մլն դոլար, ինչը ներհոսքի համեմատ կազմում է 18,4%:

Վերջին հինգ տարվա ընթացում ամենաբարձր ցուցանիշը, հունվար-հուլիսի կտրվածքով, եղել է 2010թ-ին`19,3%: Այլ կերպ ասած` ստացված արտարժույթի 1/5-ը ետ է գնացել:

Բացարձակ ծավալով տրանսֆերտների ներհոսքի եւ արտահոսքի միջեւ հավասարակշռությունը դրական է գրեթե բոլոր երկրների մասով, սակայն կա որոշ անհամամասնություն: Այսպես, ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Թուրքիան ներհոսքի կառուցվածքում ունեցել է  0,1%, իսկ արտահոսքի կառուցվածքում` 1,4%: Թե ինչ համար են «ոչ առեւտրային նպատակով» գումարներ հոսում այդ երկիր, պարզ չէ..

Հայաստանի ԿԲ-ի կողմից մի քանի տարի առաջ իրականացրած  ուսումնասիրություններով` դրսից գումարներ է ստանում տնային տնտեսությունների 36%-ը:  Ըստ էության, եթե տրանսֆերտների ներհոսքը նույնացվում է մեր արտահանման հետ, ապա արտահոսքը ներմուծում է:  Հասկանալի է, որ գումարների արտահոսքը նավազեցնում է երկրում գնողունակ պահանջարկի ծավալը, ինչպես նաեւ չի բացառվում, որ նավազեցնի  առեւտրային բանկերում բնակչության ավանդները:

Նշենք, որ տրանսֆերտների արտահոսքի ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է` ընթացիկ տարվա հունվար-հուլիսին` 56,8%` 84,2% ներհոսքի դիմաց, որով եւս առաջատարն է: Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է`  8,9%`  4,7%-ի դիմաց եւ  երրորդ տեղում` Ուկրաինան` 5,4% արտահոսք` 1,2% ներհոսքի դիմաց:

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն, որ միլիոնավոր գումարներ են փոխանցվում այն երկրներ, որտեղ ակտիվ գործունեություն են ծավալում «մաքոքային վաճառականները»: Այսպես, նշված ժամանակահատվածում Չինաստան է փոխանցվել 5,8 մլն դոլար, ԱՄԷ` 3,7 մլն: Հավանաբար այս փաստը լույս է սփռում մեր երկրից փողերի արտահոսքի պատճառների վրա...